ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում սեպտեմբերի 9-10-ն անցկացվել է «Ակտիվ գալակտիկաներ և քվազարներ» խորագրով միջազգային կոնֆերանս նվիրված Մարատ Առաքելյանի 90-ամյակին:

Կոնֆերանսին մասնակցել են 22 գիտնականներ 6 երկրից՝ Հայաստան, Վրաստան, Թուրքիա,Իտալիա, Ֆինլանդիա, Ղազախստան։

Աստղադիտարանից մանրամասնում են, որ կոնֆերանսի շրջանակներում ոլորտի մասնագետները հանդես են եկել զեկուցումներով (ընդհանուր առմամբ 16 զեկուցում) հետևյալ թեմաների շուրջ՝

● Ակտիվ գալակտիկաների հայտնաբերման և ուսումնասիրության պատմություն
● Ակտիվ գալակտիկաների շրջահայություններ
● Ակտիվ գալակտիկաների և քվազարների ենթակարմիր ենթամիլիմետրանոց շրջահայություններ
● Ակտիվ գալակտիկաների և քվազարների ռադիո/միլիմետրանոց շրջահայություններ
● Ակտիվ գալակտիկաների և քվազարների ռենտգենյան/գամմա-ալիքային շրջահայություններ
● Բազմաալիքային շրջահայություններ
● Ակտիվ գալակտիկական միջուկների (ԱԳՄ) միասնական և այլ մոդելներ
● Եզակի ԱԳՄ-ների ուսումնասիրություն, ԱԳՄ-ների փոփոխականությունը և ակտիվության երևույթը
● Ապագայի խոշոր նախագծեր

Կոնֆերանսի կազմակերպիչներն ու հովանավորներն էին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, ՀՀ ԳԱԱ-ն, ՄԱՄ Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոնը, Հայկական աստղագիտական ընկերությունը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայկական վիրտուալ աստղադիտարանը: