Սեպտեմբերի 13-ին "Ռազմական արխիվ 1990-1994"-ը մի լուսանկար հրապարակեց, հերոսներին գտնելու կոչով։

Մեզ հաջողվեց գտնել ոչ բոլոր պատկերված մարդկանց։ Միայն նկարի ձախ հատվածում պատկերված երկու պառկած երիտասարդներին և լուսանկարչին։

Լուսանկարի հեղինակն է՝ Օլեգ Կլիմովը, որին մենք անպայման կնվիրենք առանձին մեծ նյութ։ Նշենք միայն, որ հետազոտելով նրա լուսանկարները, մեզ հաջողվեց վերականգնել նկարահանման վայրն ու ժամանակահատվածը՝ Ասկերան 1991 թվական։ Կլիմովը ֆոտոշար էր նկարել, որը մենք ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ստորև։

Իսկ այժմ անցնենք գլխավորին՝ մեր հերոսների պատմությանը։

ՍԵՐԳԵՅ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ծնվել է 1967 թվականի դեկտեմբերի 12-ին Բաքվում։ 1973 թվականին Սերգեյի ընտանիքը տեղափոխվում և բնակություն է հաստատում ԼՂԻՄ մայրաքաղաք Ստեփանակերտում։

1988 թվականին զորակոչվում է ԽՍՀՄ բանակ և ծառայությունը անցնում Հեռավոր Արևելքում։ Սերգեյը խոստովանեց, որ զորացրվելուց հետո 1990 թվականին նա պատրաստվում էր մնալ Ռուսաստանում։ Սակայն, տեսնելով ինչ է կատարվում իր հայրենիքում, վերադառնում է Արցախ և դառնում Շարժման ակտիվ մասնակից։

Ընդունվում է գործարան որպես ֆրեզերային մեքենայի օպերատոր և միանում պայքարին՝ գիշերները հերթափոխով պաշտպանում հայկական բնակավայրերը, իսկ ցերեկը գործարանում զենք պատրաստում։

Այդ զենքը առաջին անգամ օգտագործվում է Կրկժանի օպերացիայում։

Պատերազմի գրեթե առաջին օրերից ստեղծել և գլխավորել է ականանետային մարտկոց։

Չորրորդ մոտոհրաձգային գումարտակի երկրորդ վաշտում հրետանու ճշտորդ եր։

1991-1992 թթ․ ուղևորվում է Ասկերանի շրջան, որտեղ Վիտալի Բալասանյանը տրամադրում է 10 մարտիկ, որ նրանցից Սերգեյը ականանետ պատրաստի։ Հետագայում պատերազմից հետո Ասկերանի գնդում նա շատ ականանետներ կսովորեցնի։

Սերգեյ Գրիգորյանը մասնակցել է Ասկերանի, Կուբաթլուի, Զանգիլանի, Ֆիզուլիի, Քելբաջարի և Մարտակերտի ուղղությունների մարտերում։

Լուսանկարի վրա պատկերված երկրորդ հերոսը՝ Սերգեյի ընկեր Իգորն է։ Նա Յակուտիայից եր եկել՝ ընկերոջ հետ միասին պատերազմել։

1992 թվականին Նախիջևանիկ գյուղի մոտ Սերգեյն ու Իգորը պայթում են ականի վրա, ստանում ծանր վնասվածքներ, բայց բարեբախտաբար ողջ են մնում։ Բժիշկները հրաշք են գործում, փրկելով Իգորի ոտքը։
Իգորը վերադառնում է տուն՝ Ռուսաստան, իսկ Սերգեյը՝ պատերազմ, հաղթելու։

Այժմ Սերգեյ Գրիգորյանը բնակվում է Արցախում, ամուսնացած է, ունի երեխաներ։

Օգտվելով առիթից Սերգեյը խնդրեց մեզ կոչ անել և փորձել գտնել իր մարտական ընկերներին, որոնց հանդիպել էր Կուբաթլուի շրջանի Մազութլու գյուղի մոտակայքում։
Անունները ցավոք չի հիշում գիտի միայն որ նրանք Հայաստանից էին և ջոկատի անունը կապված եր Սասունի հետ։

Նրանց հետ կապված մի դրվագ պատմեց, որը կօգնի հիշել։
Երբ նա որպես ականանետ ժամանեց Մազութլու, այդ ջոկատի տղաները հետաքրքրությունից ելնելով անընդհատ հավաքվում էին Սերգեյի շուրջ։ Սերգեյը զայրանում և ասում էր․ պետք չի հավաքվել բոլորով մի տեղ, ապակենտրոնանացեք, հակառակորդը կարող է արկ արձակել՝ բոլորը կզոհվեն։ Տղերքը չէին հավատում։
Հաջորդ երեկոյան, այն տեղի ուղղությամբ, որտեղ նախորդ օրը նրանք նստած էին, հակառակորդի արկ ընկավ։ Բարեբախտաբար, այդ պահին այնտեղ մարդ չկար և ոչ ոք չզոհվեց։

Այս դրվագի հերոսներին Սերգեյը կուզենար գտնել։

Եւ այնուամենայնիվ, Սերգեյ Գրիգորյանին հանդիպելիս, չմոռանաք խոնարհվել և շնորհակալություն հայտնել հաղթանակի համար։

ՀԳ․ Հարգելի հայրենակիցներ,
Խնդրում ենք զերծ մնալ անհիմն մեղադրանքներից և վիրավորանքներից, մի փորձեք քաղաքականեցնել մեր պատմությունը և հերոսների հիշատակը։
Շնորհակալություն