ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին:

«Ներկայացուցիչների պալատը պաշտոնական հետաքննություն է սկսում իմպիչմենտի շրջանակում: Ես հրահանգում եմ մեր 6 կոմիտեներին սեփական հետաքննությունն անցկացնել»,-ասել է Փելոսին, գրում է «Դոժդոը»: Նա պարզաբանել է, որ Ներկայացուցիչների պալատը կքննարկի այն հարցը, թե արդյոք Թրամփը դիմել է Ուկրաինայի օգնությանը Ջո Բայդենի դեմ հետաքննության հարցով, որը Դեմոկրատական կուսակցությունից 2020-ի նախագահական ընտրությունների հավանական թեկնածուն է:

Ըստ Փելոսիի, նախագահի գործողությունները խախտում են Սահմանադրությունը: Նա հավելել է, որ ոչ ոք չի կարող վեր լինել օրենքից:

Թրամփն իր հերթին դա վհուկների որս է անվանել:

«Այսպիսի կարևոր օր ՄԱԿ-ում, այդպիսի մեծ աշխատանք և մեծ հաջողություն: Եվ դեմոկրատները միտումնավոր որոշել են փչացնել և հեղինակազրկել դա վհուկների որսի մասին իրենց նորությունով: Դա վատ է մեր երկրի համար: Նրանք նույնիսկ չեն տեսել Զելենսկու հետ խոսակցության վերծանումը»,-գրել է Թրամփը:

Իմպիչմենտի արարողության ժամանակ Ներկայացուցիչների պալատը պետք է քվեարկի նախագահի դեմ մեղադրանքների վերաբերյալ: Դրանից հետո այն պետք է արժանանա Սենատի երկու երրորդի հավանությանը: Սենատում մեծամասնությունը Հանրապետական կուսակցությանն է: