ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության միության նախաձեռնությամբ, հոկտեմբերի 9-12 Երևանում կանցկացվի «Պորտուգալական կինոյի օրեր» միջոցառումը:

2017թ-ին պորտուգալական կինովարձույթ մտած ամենահաջողված պատմակենսագրական «Զևս» ֆիլմի ցուցադրումով այսօր հոկտեմբերի 9-ին Մոսկվա կ/թ ժամը՝ 19։30-ին կբացվի Պորտուգալական կինոյի օրերը:

Կինոնկարը Պորտուգալիայի յոթերորդ նախագահ Մանուել Թեյքսիրա Գոմեսի մասին է։ Ֆիլմի ռեժիսորը Պաուլո Ֆիլիպե Մոնտեյրոն է:

Գոմեսը նախագահ ընտրվեց 1923թ-ին և ֆիլմի իրադարձությունները անդրադառնում են այդ տագնապալի տարիներին` ֆաշիզմի վերելքը և Գոմեսի դրամատիկ պայքարը: Չնայած բանակի ըմբոստությանը նրան հաջողվում է բարեփոխումների աջակիցներից ձևավորել կառավարություն: Գոմեսը անսպասելի հրաժարական է տալիս և փնտրում Լիսաբոնից նավարկող մոտակա նավը: «Զևս»-ը Ֆրանսիական Հյուսիսային Աֆրիկա մեկնող բեռնափոխադրող նավն է, որի տախտակամածում չկա ոչ մի ուղևոր։ Գոմեսի դերակատարն է հայտնի պորտուգալացի դերասան Սինդե Ֆիլիպը:

Նշենք, որ ֆիլմը ստացել է չորս մրցանակ՝ «Պորտուգալական կինոյի ուղիներ» XXII փառատոնում (ներառյալ `լավագույն տղամարդու դերի և լավագույն տարազների համար) և «Cineuphoria Awards 2017» փառատոնի երեք մրցանակ:

Ֆիլմը ցուցադրվելու է հայերեն ենթագրերով։ Մուտքն ազատ է։ Միջոցառման կազմակերպիչը Հայաստանի ազգային կինոկենտրոնն է։