Հայկական խոհանոցն, ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են տարբեր պատմական, աշխարհագրական, կլիմայական և նույնիսկ պատմա-քաղաքական գործոններով։

Հայկական ավանդական կերակրատեսակներն այսօր մատուցվում են մի շարք հայկական ռեստորաններում, իսկ բաղադրատոմսերը պահպանվում և վերականգնվում են մի շարք կազմակերպությունների կողմից: Նման կազմակերպություններից է Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպությունն, ի դեմս՝ հիմնադիր-տնօրեն, Մեգերյան կարպետ ընկերության գլխավոր խոհարար, «Սեդրակ Մամուլյանի խոհարարական ստուդիայի» հիմնադիր Սեդրակ Մամուլյանի:

Էջմիածնում տեղի ունեցավ քաղաքի հիմնադրման 2704 ամյակին նվիրված միջոցառումը և քյուֆթային նվիրված առաջին փառատոնը:

Քյուֆթան հայկական մսային կերակուր է։ Պատրաստում են հիմնականում տավարի թարմ մսից։ Առանձնապես հայտնի են Գավառի, Վարդենիսի և Էջմիածնի Քյուֆթաները։ Այսօր այն համարվում է հայկական ավանդական կերակրատեսակներից մեկը, որը մատուցում են տարբեր առիթներով ու վայրերում:

Միջոցառմանը ներկա էին ռեստորանների խոհարարներ՝ ներկայացնելու ավանդական ու տոնածիսական ուտելիքը: Փառատոնը համընկավ քաղաքի հիմնադրման 2704 ամյակի հետ: Այն համեմված էր ավանդական երգ ու պարով: Փառատոնի մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցելու մրցույթի, որը բաղկացած էր ինչպես միշտ 3 անվանակարգերից՝ Լավագույն տեսք, համ և մտահաղացում:

Առաջին անգամ անցկացվող Քուֆթայի (կոլոլակ) փառատոնը շատ լավ հնարավորություն էր ծանոթանալու հայկական ավանդական ուտեստներից մեկի՝ քուֆթայի և հատկապես Էջմիածնի քուֆթայի համին և պատրաստման գաղտնիքներին:

Փառատոնը տեղի ունեցավ Էջմիածնի համայնքապետարանի հարակից տարածքում: Փառատոնի ընթացքում նախատեսված էր ուտեստների համտես և ցուցահանդես-վաճառք: Կազմակերպիչները խոստացել էին նաև համեղ ավանդական գինին: Նախաձեռնության հեղինակներն էին Էջմիածնի համայնքապետարանը և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը: