Հայկական ատոմակայանի վերազինման և վերակառուցման աշխատանքները շարունակվում են: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, այս տարի էլ աշխատանքները շարունակվելու են, մասնավորապես, կատարվելու են ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացման միջոցառումներ։ Փոխանցում է panorama.am-ը։

«Արդյունքում, ունենալու ենք հզորության առնվազն 10% ավելացում՝ ատոմակայանի արդյունավետության հաշվին»,- ասաց նա:

Անդրադառնալով ատոմակայանի շուրջ առկա խոսակցություններին, թե այն պետք է փակվի, Հայկ Հարությունյանը նշեց, որ երբեք չեն ասել, թե հայկական ատոմակայանը հավերժ աշխատելու է: Նրա խոսքով՝ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) պարբերաբար ուսումնասիրություններ է կատարում ու եզրակացություններ ներկայացնում:

«Մենք նախատեսում ենք ծրագրի կյանքի երկարացումը և իրականացվում են լուրջ ներդրումներում, որոնք ուղղված են հիմնականում անվտանգության ստանդարտների բարձրացմանը, և միշտ էլ այդ ուղղությամբ աշխատել ենք: ԵՄ-ում նման բլոկները երկարացվել են ոչ թե տասը, այլ 30 տարով: Այստեղ խնդիր չենք տեսնում»,- ասաց Հայկ Հարությունյանը՝ հավելելով, որ պետք է պարզապես հասկանան, թե երբ են այն ապագործարկելու: