ՌԴ Կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիան հրապարակել է VI մրցանակի հավակնորդների անունները: Դա միակ մասնագիտական մրցանակաբաշխությունն է ՌԴ-ում, որին մասնակցող կինո և հեռուստանախագծերը ընտրվում են ըստ պրոդյուսերների փորձագիտական գնահատականի:

Մրցանակաբաշխությունը 23 անվանակարգ ունի, որոնց հավակնորդների թվում քիչ չեն հայկական ազգանունները՝ Ռուբեն Դիշդիշյան, Սերգեյ Դանիելյան, Ռաֆայել Մինասբեկյան, Արամ Մովսեսյան, Էդուարդ Իլոյան, Մարինա Տեր-Առաքելյան:

  • «Լավագույն լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ» - Ռուբեն Դիշդիշյանի աշխատանքը՝ «Առիթմիա» ֆիլմը:
  • «Լավագույն հեռուստատեսային ֆիլմ» - «Փախչողը» ֆիլմը, որի պրոդյուսերների թվում է Ռաֆայել Մինասբեկյանը, «Նախկին չեն լինում» ֆիլմը, որի պրոդյուսերներն են Ռուբեն Դիշդիշյանը, Սերգեյ Դանիելյանը և Արամ Մովսեսյանը:
  • «Լավագույն կատակերգական սերիալ» - ՍՏՍ հեռուստաալիքի «Իվանովներ-Իվանովներ» և «Էլեոն հյուրանոցը» նախագծերը, որոնց գլխավոր պրոդյուսերն է Էդուարդ Իլոյանը:
  • «Լավագույն հեռուստատեսային անիմացիոն սերիալ» - ՍՏՍ հեռուստաընկերության «Ֆիքսիկներ» սերիալի ռեժիսորներից մեկը՝ Արսեն Խաչատուրյանը, ևս հավակնում է մրցանակի:
  • Հավակնորդների թվում է նաև գրիմի մասնագետ Մարինա Տեր-Առաքելյանը ՆՏՎ հեռուստաալիքի «Տառապանքի ուղիներով» հեռուստասերիալում աշխատանքի համար:

ՌԴ Կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիայի մրցանակը շնորհվում է 2013-ից:

Ժյուրիի կազմում 30 կինոընկերության պրոդյուսերներ են ընդգրկված: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 15-ին: