Տեքստային և ձայնային ծառայությունների փոխանակման WhatsApp ծառայության ակտիվ օգտատերերի թիվը մեկ ամսում հասել է 1.3 միլիարդի, ընդ որում՝ մոտ 1 մլրդ մարդ օրական մոտ 55 միլիարդ հաղորդագրություն է ուղարկում: Այս տեղեկություններով կիսվել է WhatsApp Inc. ընկերության բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Նիրաջ Արորան Դուբայում անցկացվող Համաշխարհային կառավարական գագաթնաժողովի ժամանակ, որը նվիրված է արդյունավետ պետական կառավարման և կյանքի տարբեր ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հարցերին (World Government Summit), նշելով, որ WhatsApp-ի միջոցով ուղարկվող տեքստային և ձայնային հաղորդագրությունները պաշտպանվում են վերջնակետային կոդավորման միջոցով (end-to-end)։

«Մեր առաջնահերթությունը մեր օգտատերերի օգուտի երաշխավորումն է, այդպես էլ զարգանում ենք: Մեզ համար կարևոր է WhatsApp-ի հասանելի լինելը: Մեր ծառայությունից օգտվում են ոչ միայն զարգացած, այլ նաև զարգացող երկրներում: Ցանկանում ենք ապացուցել մարդկանց, որ WhatsApp-ն օգտակար ցանց է, առօրյայի գլխավոր տարրը», - նշել է ընկերության փոխնախագահը: