Այս տարի նշում ենք վարդապետ ու մեծանուն մտավորական Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյան) ծննդյան 150 ամյակը:

Ինչպես մեր երկրում, այնպես էլ սփյուռքում ու Արցախում կազմակերպվում են տարրաբնույթ միջոցառումներ՝ կլոր-սեղան քննարկումներ, գրքերի շնորհանդեսներ, ցուցահանդեսներ, համերգներ, որոնք նվիրված են հայ երգահան, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, մանկավարժ Կոմիտասին:

Հոկտեմբերի 10-ին Հայաստանի Ազգային Պատկերասրահի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի մասնաճյուղում՝ Մհեր Աբեղյանի թանգարանում տեղի է ունեցել «Իմ Կոմիտասը» խորագրով ցուցահանդեսի բացումը, որտեղ ներկայացված էին հայ ժամանակակից արվեստագետների կոմիտասյան թեմաներով աշխատանքները: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին սիրված արվեստագետներ, մտավորականներ, գրականագետներ, ինչպես նաև բանակ-հասարակություն կապն ամրապնդելու նպատակով այստեղ էին գտնվում զինվորականներ:

Ցուցահանդեսը կազմակերպել էր Հայաստանի Ազգային Պատկերասրահը «ճամփորդող ցուցահանդեսներ»-ի շրջանակներում: Միջոցառմանը ներկա էին նաև լարային քառյակի երաժիշտները: