Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 14-ի աշխատակարգային նիստում կորոշի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը: Այդ մասին ասել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը, հայտնում է «Ազատությունը»:

Ազգային ժողովի որոշումը դատարանը ստացել էր հոկտեմբերի 7-ին, այն ուղարկվել էր դատավորներին՝ ուսումնասիրության։ Հոկտեմբերի 14-ին, ըստ Էդգար Ղազարյանի, վերջնաժամկետն է, երբ դատարանը պետք է որոշում կայացնի՝ կա՛մ ընդունի դիմումը վարույթ, կա՛մ այն մերժի։

Խորհրդարանի ընդունած որոշման հիմքում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ընթացքում Հրայր Թովմասյանի կատարած, իշխանական խմբակցության կարծիքով՝ առերևույթ էական կարգապահական խախտումներն են: