Մայրաքաղաքում 21 գերեզմանատուն կա և դրանցում տարածքների հատկացման և ոլորտին առնչվող մյուս գործառույթներով զբաղվում է Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը: Դաշտը կանոնակարգելու նպատակով համայնքային կառույցը տարեսկզբից մի շարք ծրագրեր է նախաձեռնել:

Տարիներ շարունակ քաղաքացիները բախվել են տարբեր խնդիրների: Ոլորտն առանձնահատուկ է և կարգավորման անհրաժեշտություն ունի:

«Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության հավաքած փաստերի հիման վրա վարչական վարույթներ և գործեր են բացվել, որոնք այժմ ընթացքի մեջ են: Հանգուցալուծումից հետո կարող ենք հստակ պատկեր ունենալ տեղի ունեցածի վերաբերյալ», - նշել է քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արման Իսկանդարյանը:

Երևանում գերեզմանատները զբաղեցնում են շուրջ 540 հա տարածք: Այսօր դրանք տրամադրվում են բացառապես օրենքով սահմանված չափորոշիչներով:

«Քաղաքացին գերեզմանատան վարիչի հետ ընտրում է տարածքը, որը տրամադրվում է բացարձակապես անվճար», - ասում է Արման Իսկանդարյանը:

Չնայած նրան, որ 21 գերեզմանատներն ունեն իրենց հստակ սահմանված տարածքները, այսօր էլ կան դեպքեր, երբ քաղաքացիները հուղարկավորություն են կազմակերպում դրանց հարակից հատվածներում, ինչն օրենքով արգելված է:

««Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն գերեզմանատները հատուկ պաշտպանվող հուշարձանային տարածքներ են, որոնք ենթակա չեն քանդման: Բայց սեփականաշնորհված տարածքների համար պետությունը պատասխանատվություն չի կրում և մենք չգիտենք կոնկրետ անձն իր հողակտորն ինչպես կարող է տնօրինել: Դավթաշենի գերեզմանատանն, օրինակ, 1 հա ավելի տարածք կա, որը բանկում գրավադրված է, որտեղ, ի դեպ, առկա են գերեզմանատեղեր»,-ընդգծել է Իսկանդարյանը:

Աղբյուրը նաև հայտնում է, որ Աջափնյակ վարչական շրջանում տարածք է հատկացվել համայնքային նոր գերեզմանատան համար: Միասնական մոտեցում ցուցաբերելու նպատակով քաղաքապետարանը նախատեսում է հանդես գալ օրենսդրական փոփոխությունների առաջարկությամբ: