ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Սիրիայի հյուսիսում թուրքական զորքերի ներխուժման հետևանքով տեղի ունեցող զարգացումներին, լրագրողների հետ զրույցում հայտնել է․

«Դամասկոսում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աշխատում են արտակարգ ռեժիմով»:

Նա նշել է, որ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները մշտական կապի մեջ են Ղամիշլիի և Սիրիայի հյուսիսային շրջանների համայնքային կառույցների հետ, հայտնում է Panorama.am-ը:

«Մշակվում ու ձեռնարկվում են բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի բոլոր մեր հայրենակիցներին, որոնք ցանկություն են հայտնել տեղափոխվել հյուսիսային շրջաններից, աջակցենք այս գործում։ Մենք օպերատիվ տեղեկատվություն ենք ստանում մեր դիվանագիտական ներկայացուցչությունից՝ տեղում մեր հայրենակիցների իրավիճակի վերաբերյալ և ընդհանրապես՝ տեղում հումանիտար իրադրության վերաբերյալ», - ասել է նա։

Նաղդալյանի խոսքով, ըստ տեղեկությունների, Սիրիայի հյուսիսային շրջաններում հայերի թիվը մոտ 3 հազար է, որոնք հիմնականում կենտրոնացած են Ղամիշլի և Մալիքիա բնակավայրերում։

«Առ այսօր այս բնակավայրերի մոտակայքում ռազմական բախումներ չկան։ Ներկա դրությամբ դրված չէ նաև այս երկու շրջաններից հայերի արտակարգ տեղափոխման հարցը, ինչի վերաբերյալ առաջարկությունները բավականին հնչում են տարբեր օղակներից», - հավելել է խոսնակը։