Անտառահատմամբ չզբաղվելու համար մարդիկ պետք է աշխատանք ունենան: Այս մասին փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց բնապահպան Կարինե Դանիելյանը:

Նրա խոսքով՝ անտառային տարածքների հարակից գյուղերի բնակիչները մեծամասամբ ստիպված են լինում անօրինական կերպով կտրել անտառների ծառերը՝ ձմռանը պատրաստ լինելու համար, քանի որ տնտեսական և սոցիալական վիճակն է նրանց ստիպում:

«Սակայն անտառներին հիմնականում վնաս են հասցնում ոչ այնքան հարակից գյուղերի առանձին բնակիչները, որքան համակարգված անտառահատումներ կազմակերպող գործարարները», - ասաց բնապահպանը՝ հավելելով, որ աշխատանքի բացակայության պատճառով գյուղի բնակիչներն ակամայից անօրինական գործունեության մասնակից են դառնում:

Ինչպես նշեց Դանիելյանը, այդ խնդիրը միշտ եղել է, և դրա հաշվին մի շարք անբարեխիղճ գործարարներ կարողություններ են վաստակել, իսկ սովորական մարդիկ ոչ մի լուրջ բան չեն ստացել:

«Բացի այդ, բիզնեսի շահերից բխող համակարգային անտառահատումը չի կարող իրականացվել առանց լուրջ կոռուպցիոն բաղադրիչի և գործարարների ու պաշտոնյաների միջև պայմանավորվածության»,- հավելեց բնապահպանը: