Երևանում մարտի 31-ին երաժշտական տոն է լինելու։ Այդ օրը տեղի է ունենալու «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը: Այս մասին հայտնում է panorama-ն։

Փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ սա արդեն երկրորդ մրցանակաբաշխությունն է, որի նպատակն է ի մի բերել հայ ժամանակակից և դասական արվեստի լավագույն նմուշները, թե ինչ հաջողությունների են կարողացել հասնել թե կոմպոզիտորները, թե կատարողական արվեստի ներկայացուցիչները: Նախարարը նշեց, որ մրցանակաբաշխության կազմակերպիչների հետ միասին խոստանում են գեղեցիկ երաժշտական տոն: Նա հայտնեց, որ մրցանակաբաշխության տոմսեր քիչ քանակով են վաճառվելու, հիմնականում հրավիրատոմսեր են լինելու: Մրցանակ-արձանիկի հեղինակն է Նուռը, այժմ պատրաստվում են մրցանակները:

Մրցանակաբաշխության պրոդյուսեր, երգիչ Հայկոն նշեց, որ մրցանակաբաշխությունն ամփոփում է այն, թե ստեղծագործողներն ինչ են արել տարվա ընթացքում: Որպես մասնակիցներ ընտրվել են բոլոր բնագավառներում լավագույնները: «Հաշվի ենք առել ոչ միայն մեր, այլև հանրության կարծիքը, սոցցանցերում մասնագետների կարծիքը»,- ասաց նա:

Մրցանակաբաշխության պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն ուրախությամբ արձանագրեց, որ կարողացել են հավաքել մի ստեղծագործական խումբ, որում Հայաստանի լավագույն մասնագետներն են: «Մենք պիտի կարողանանք «Ծիծեռնակը» դարձնել այնպիսի մրցանակաբաշխություն, որ ցանկացած ստեղծագործող, երբ առաջին նոտան է գրում, մտքում ունենա, որ այն կարող է դառնալ այս մրցանակաբաշխության հավակնոտ գործ»,- ասաց նա:

«Ծիծեռնակ»-ի գլխավոր բեմադրիչ-ռեժիսոր Արթուր Մանուկյանը խոստացավ՝ այդ օրը քաղաքում կլինի տոն, և բոլորն ամեն տարի կսպասեն այդ տոնին: «Կարծում եմ՝ պետք է այս մրցանակաբաշխությունը լինի մասշտաբային: Այն, ինչ պլանավորել ենք և սպասվում է, կարծում եմ՝ բոլորիդ գոհացնելու է: Լինելու է 25 մրցանակ, նաև հատուկ մրցանակներ, համերգային գեղեցիկ համարներ, շոու-ծրագիր, նաև կարմիր գորգ, որտեղով անցնելու են մեծանուն արտիստներ, սպասված հյուրեր»,- ասաց նա:

Թեպետ ժյուրիի կազմը փակ է, բայց կազմակերպիչները վստահեցնում են՝ այնտեղ լինելու են Հայաստանի լավագույն մասնագետները՝ 7 հոգանող կազմ, ինչպես, օրինակ՝ Արթուր Գրիգորյանը, Թոփչյանը և այլք: