2001թ-ին «Պոպլավոկ» սրճարանում ջավախահայ Պողոս Պողոսյանի սպանության գործով 2 տարի պատժի դատապարտված 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Աղամալ Հարությունյանը նոր երևան եկած հանգամանքի հիմքով հարուցված վարույթի շրջանակում կկանչվի հարցաքննության: Այս մասին տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ նշելով, որ Աղամալ Հարությունյանը գտնվում է Հայաստանում: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը։

Աղամալ Հարությունյանը ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի մեկին գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի անդամներից էր։ 2002թ-ին նա մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով (հանցավոր անփութություն դրսևորելով անզգույշ սպանություն կատարելու համար)։ Հարությունյանին նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառվել, սահմանվել էր փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով:

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը նշել էր, որ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք կարող են ապացուցել, որ Աղամալ Հարությունյանը կատարել է ավելի ծանր հանցանք՝ սպանություն՝ ծանրացուցիչ հանգամանքներում, քան այն, որի համար վերջինս դատապարտվել է։ Աբրահամյանի խոսքով՝ Պողոսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով նոր երևան եկած հանգամանքների հետևանքով ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներով Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է վարույթ։ Աբրահամյանը նշել էր նաև, որ որպես նոր երևան եկած հանգամանք է դիտվել նաև դեպքից 18 տարի անց Պողոսյանի սպանության ականատես, Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների դիմումը:

Աղամալ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 2001թ-ի սեպտեմբերի 25-ին ժամը 00:30-ի սահմաններում, «Պոպլավոկ» սրճարանի զուգարանում իր և ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող՝ Պ. Պողոսյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պողոսյանը ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է:

Պողոս Պողոսյանի եղբայրը՝ Անդրանիկ Պողոսյանը, հեղափոխությունից հետո դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն և ԱԱԾ, որպեսզի վերաբացվի գործը, նոր քննություն կատարվի և բացահայտվի նաև Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը դրանում։

2001թ-ի սեպտեմբերի 24-ին Վրաստանի քաղաքացի, դաշնակցական Պողոս Պողոսյանը «Առագաստ» սրճարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեսնելիս դիմել էր՝ «պրիվետ Ռոբ», որից հետո Քոչարյանի թիկնապահները նրան ծեծի են ենթարկել սրճարանի զուգարանում` հասցնելով մահվան:

Դեպքից հետո Պողոս Պողոսյանի գործով փաստաբանն էր Ռոբերտ Քոչարյանի ներկայիս փաստաբանական թիմի անդամ Ռուբեն Սահակյանը: