ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը պաշտոնական նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի Արցախ այցելության կապակցությամբ:

Նոտայում ադրբեջանական կողմը խնդրել է մեկնաբանել Զատուլինի «սադրիչ հայտարարությունները, ուղղված Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ», որոնք նա արել է Արցախում։ Այս մասին գրում է Interfax.az-ը:

Նոտայում նաև խնդրանք կա՝ հստակեցնել, թե ի՞նչ կարգավիճակով է ռուս պատգամավորն այցելել Արցախ և ով է ֆինանսավորել այցը:

Նոտայում նաև նշված է, որ Զատուլինը «մշտապես հայտարարություններ է անում, որոնք հակասում են ՌԴ քաղաքական դիրքորոշմանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Նշվում է, որ Զատուլինը, որպես պատգամավոր, պատասխանատու է իր խոսքերի և գործողությունների համար և ՌԴ ԱԳՆ-ին կոչ է արվում «անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել»: