Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի զարգացման համար $20 մլն-ի ներդրում կարվի: Aysor.am-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն՝ ընդգծելով նաև, որ Հայաստան եկող իռլանդական Ryanair ավիաընկերությունը մեծ շահույթ կբերի Հայաստանին:

«Մեզ համար շատ կարևոր է, որ Գյումրիի օդանավակայանը զարգանա։ Նախատեսում ենք մոտ 20 միլիոն դոլար ներդրում կատարել Գյումրիում, հիմա ներդրումները սկսվում են», - ասել է նա։

Նշենք, որ «Շիրակը» գործում է 1961 թվականից և Հայաստանի երկրորդ միջազգային օդանավակայանն է: Այն գտնվում է Գյումրի քաղաքից 5 կմ և Երևանից 120 կմ հեռավորության վրա: