Հոկտեմբերի 15-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացավ ԿԳՄՍ նախարարի տեղակալ պարոն Արա Խզմալյանի և «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպության ջերմ, կառուցողական և բազմաշերտ քննարկումներով լի հանդիպումը։ Այս մասին «Իրազեկ․ամ»-ին հայտնում են «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ-ից։

«Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ անդամները փոխանցեցին Արա Խզմալյանին դեռևս «Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության» ժամանակներից «Հայֆիլմի» վերածնման երկար ճանապարհ և փոփոխություններ անցած «Նոր սերունդ» ծրագիրը։

«Հայֆիլմին» նոր շնչառություն տալու համար ընտրելու են ամենահնարավոր և իրականությանը մոտ տարբերակները։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը խոստացել է մեծ հետաքրքրությամբ և մանրամասնորեն ուսումնասիրել «Նոր սերունդ» ծրագիրը։

«Նոր սերունդ» ծրագրի հիմքը կրթությունն է և կինոմիջավայրը։ Արա Խզմալյանը կարևորելով «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ-ի դերը մեր իրականության մեջ այնուամենայնիվ կարծում է, որ այս խնդիրը գլոբալ է և զգացմունքային շերտից պետք է ամբողջությամբ տեղափոխել իրական հողի վրա և գտնել ամենաճիշտ լուծումները։ «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպության նախագահ, ռեժիսոր Հայկ Բաբայանը Արա Խզմալյանին առաջարկել է որոշակի գործողությունների մեջ լինել ռիսկային և կտրուկ։ Սկսել արմատական կադրային փոփոխություններ, հնարավորության դեպքում Հայֆիլմը տեղափոխել ԿԳՄՍ նախարարություն, որը կդառնա ոչ թե նախարարության համար բեռ այլ որոշ ժամանակ անց ձեռքբերում։ Մասնագետների և այս հարցում ոգևորված մարդկանց ուժերը, գիտելիքները, էներգիան միավորելով և սկզբնական շրջանում պետական փոքր աջակցության դեպքում փուլ առ փուլ հասնել շոշափելի արդյունքների։ «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ փոխնախագահ Հայկ Զաքարյանն իր մտահոգությունն է հայտնել այն մասին, որ կինոոլորտում դիլետանտիզմի մակարդակը գալիս է ոլորտի հետ կապ չունեցող որոշ ղեկավարներից։ «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ անդամներն էլ իրենց հերթին հայտնեցին, որ չեն կենտրոնանալու միայն «Հայֆիլմի» վրա և պատրաստ են այլ ծրագրերով համագործակցության նոր եզրեր գտնել հայ կինոյին և Հայֆիլմին նոր շունչ, զարգացում և հանրահռչակում տալով հնարավոր բոլոր միջոցներով։

«Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպության անդամները և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հանդիպման ավարտին ձեռք մեկնեցին միմյանց լիահույս լինելով, որ համագործակցությունները լինելու են շարունակական։