Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել խմելու ջուր հասցնել Վանա լճի Աղթամար կղզի։ Վերոնշյալ որոշման նախագիծը ներկայացրել էր Վանի քաղաքապետարանը:

Համաձայն «CNN Turk»-ի փոխանցած տեղեկության՝ նախատեսվում է Վանա լճի հատակով 3.8 կմ երկարությամբ խողովակաշար անցկացնել մինչև կղզի: Վանի Գևաշ (պատմական Ոստան) համայնքի ղեկավար Սինան Հաքանը տեղեկացրել է, որ խողովակաշարով դեպի կղզի կհասցվի Վանա լճի ափից ոչ հեռու գտնվող Արտոս լեռան փեշերին հոսող աղբյուրների ջուրը:

«Կղզու կանաչ զանգվածի մեծ մասը կազմում են նշենիները: Այստեղ 100 տարեկան էնդեմիկ ծառեր կան: Վերջին տարիների կլիմայի գլոբալ փոխոփություններն այստեղ նույնպես զգալի են: Վերջին 10 տարում կղզու բնությունը չորանում է: Եթե միջոցներ չձեռնարկեինք, Աղթամար կղզին կարող էր անապատանալ»,- ասել է Հաքանը: Թուրք պաշտոնյան ավելացրել է նաև, որ այս ծրագիրը լուրջ ներդրում կլինի ոչ միայն Վանի, այլ ողջ Թուրքիայի զբոսաշրջության մեջ: