«Բաղրամյանի ալյուր»-ում կրկին միջատներ են հայտնաբերվել։ «Բաղրամյանի ալրաղաց» գործարանի տնօրեն Սայաթ Գասպարյանը ասում է, որ նման բան կարող է լինել պահման սխալ պայմանների պատճառով, վստահ է, որ իրենց գործարանում ամեն ինչ լավ է: Այս մասին գրում է «Հետք»-ը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնեել էն, որ «Բաղրամյան ալրաղաց» գործարանում ստուգումներ են անցկացվել, սակայն որևէ շեղում չեն հայտնաբերել։

«Բաղրամյանի ալյուր»-ը փաթեթավորող «Ալեքս Հոլդինգ» ընկերության տնօրեն Սամսոն Գասպարյանը հայտնել էր, որ «խոնավության փոփոխության կամ ջերմաստիճանի տատանման դեպքում ինքն իրենով հնարավոր է, որ դա առաջանա» կամ տանը, եթե սպառողները խախտել են պահպանման պայմանները:

Բազմաթիվ բնակիչներ հայտնել են իրենց կարծիքը՝ բողոքելով ալյուրի մեջ եղած ցեցերից և միջատներից։

Ս. Գասպարյանը նաև նշել է, որ միջատները կարող են հայտնվել հատկապես «միջսեզոնային ժամանակահատվածում»՝ երբ տաք ու սառը ջերմաստիճաններն իրար հաջորդում են։

«Մենք պահեստ չունենք: Մենք միանգամից տեսակավորում ենք ու ուղարկում ենք այնտեղ, որտեղ որ վաճառում են: Ուրիշ ալրաղացները մեշոկներով լցնում, իրենց մոտ շարում են, բայց մեզ մոտ ըտենց խնդիր չկա», - նշել է Ս․ Գասպարյանը։

Իրենց գործարանում, ըստ տնօրենի, ալյուրը մեկ-երկու օրվանից ավելի չի մնում․

«Վստահ կարող եմ ասել, որ մեզ մոտ նմանատիպ խնդիր արդեն չկա», - եզրափակել է նա։

Նախատեսվում է վերահսկողություն իրականացնել նաև փաթեթավորման վայրում և «Երևան Սիթի»-ի Կոմիտասի մասնաճյուղի պահեստում` ստուգելու պահման պայմանները: