Հայաստանում ԽՄ տարիներից մնացած գործարաններում, պահեստային շինություններում և Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում կուտակված քիմիապես վտանգավոր նյութերի մեկ վայրում անվտանգ պահպանման և ոչնչացման նպատակով պահեստարան կկառուցվի: Այս տեղեկությունը փոխանցում է panarmenian-ը։

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանն ասել է արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:

Նախարարի խոսքով, պահեստարանի կառուցման նպատակով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի կողմից ներդրվելու է $275.000:

2017 թ․-ին ՌԴ-ն նախարարությանը ժամանակակից փրկարարական սարքավորումներով վերազինելու նպատակով տրամադրել է $16 մլն-ի աջակցություն: Ճապոնիայի կառավարության տրամադրած $15 մլն-ի դրամաշնորհով ձեռք է բերվել նոր ու ժամանակակից 36 հրշեջ մեքենա, 3 ավտոսանդուղք և 1 շարժական արհեստանոց: Բացի դրանից, ԱԻՆ-ին կտրամադրվի $2 մլն-ի արագ արձագանքման 10 մեքենա:

Զեկուցվել է, որ ԱԻՆ-ի «911» ծառայության ահազանգման կենտրոնում 2017-ին գրանցվել է 2,11 մլն զանգ. զանգերի օրական միջին քանակը 5780 է: ՀՀ տարածքում գրանցվել է 14.619 արտակարգ դեպք: