Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց «Բնակարան երիտասարդներին» ծրագրի ֆինանսավորված և դեռ չֆինանսավորված վարկերի տոկոսավճարների սուբսիդավորման համար 300 միլիոն դրամ հատկացնել։

Ինչպես Կառավարությանը հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ հոկտեմբեր ամսից ծրագիրը կկանգնի լուրջ խոչնդոտների առջև՝ գումարների անբավարար լինելու պատճառով։

Նշենք, որ «Բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկը տրամադրվում է նվազագույնը 10 տարի մարման ժամկետով, առաջնային շուկայում առավելագույնը 7.5 տոկոսով, առանց սուբսիդավորման, իսկ երկրորդային շուկայում՝ առավելագույնը 9.5 տոկոսով։ Դրանից պետությունը սուբսիդավորում է Երևանում 2 տոկոսային կետի չափով, իսկ մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար` 4 տոկոսային կետի չափով:

Ծրագրի շահառու կարող են լինել այն երիտասարդ ընտանիքները, որտեղ ամուսինների տարիքների գումարը չի գերազանցում 70-ը, կամ երեխա ունեցող երիտասարդ միայնակ ծնողը, ում տարիքը չի գերազանցում 35-ը (ներառյալ):

Կառավարության այսօրվա նիստին կայացվեց ևս մեկ որոշում, ըստ որի՝ 444 միլիոն դրամ հատկացնել մի շարք կրթական հաստատությունների վերանորոգման համար։

Մասնավորապես՝ 140 միլիոն դրամ տրամադրվեց «Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ»-ի, 157 միլիոն դրամ՝ «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ»-ի արհեստագործական մասնաշենքերի շինարարական աշխատանքների համար, 94 միլիոն դրամ էլ՝ «Բերդի պետական բազմագործառութային քոլեջ»-ի շենքի շինարարական աշխատանքների համար։

Բացի այդ, Կառավարությունը մոտ 24 միլիոն դրամ փոխանցեց Գյումրիում «Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց»-ի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար։

Գործադիրը նաև որոշեց 28 միլիոն դրամ հատկացնել Վանաձորի թիվ 18 դպրոցի, «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի շենքային պայմանների բարելավման համար։

Այս նախագիծը գործադիր ներկայացրել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Վերջինս նաև հայտնել էր, որ վերանորոգված ուսումնական կենտրոններում առավել բնականոն կկազմակերպվի ուսումնական գործընթացը։