Սյունիքի մարզի Ողջի գետն այսօր առավոտվանից մոխրագույն է: Պատճառը «Զանգեզուրի պղնձմոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պոչատարի՝ Ներքին Գիրաթաղ բնակավայրի հատվածում տեղի ունեցած վթարն է, ինչի հետեւանքով պոչանքները լցվել են Ողջի գետ: Կոմբինատից դուրս եկող պոչանքները թափուկատար խողովակաշարով անցնում են մի քանի կիլոմետր ու լցվում Արծվանիկի պոչամբար:

Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ինախագահ Արմեն Փարսադանյանը պարզաբանում է, որ արտահոսել է դեպի պոչամբար մղվող խյուսը, որը պոչամբարում հատուկ նյութերի (ռեագենտների) միջոցով նստվածք է տալիս, իսկ պարզվածքը պոչամբարից դուրս է բերվում և թափվում Նորաշենիկ գետ, այնտեղից էլ՝ Ողջի:

«Այս դեպքում գետ լցվել են հենց պոչերը, որոնց մեջ պարունակվում են տոքսիկ նյութեր, ծանր մետաղներ»,- ասում է Ա. Փարսադանյանը: Վերջինիս խոսքով՝ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը պետք է հաշվարկի շրջակա միջավայր լցված պոչանքի ծավալը, դրա հիման վրա շրջակա միջավայրին հասցված վնասի գնահատում պետք է իրականացվի, ինչի արդյունքում էլ, կախված կոնկրետ օրենսդրական նորմերի խախտման փաստից, որոշվի՝ վարչական վարո՞ւյթ, թե՞ քրեական գործ կհարուցվի:

Թե ինչից է եղել վթարը, բնապահպանը նշել է, որ տեղեկություններ չունի՝ հավելելով, որ ցանկացած արտադրության դեպքում վթարներ լինում են, պարզապես ընկերությունը պետք է կարողանա կառավարել դրանք, արդյունավետ գնահատի ռիսկերը, ենթակառուցվածքները համապատասխանեցնի միջազգային չափանիշներին, որպեսզի շրջակա միջավայրին նման վտանգներ չհասցնի:

Առաջին դեպքը չէ, որ ԶՊՄԿ-ի վթարների հետեւանքով պոչանքներ են թափվում շրջակա միջավայր: Արծվանիկի պոչամբարի, կոմբինատից Արծվանիկ ձգվող պոչատարի, դրանցից տեղի ունեցող արտահոսքերը շարունակական են:

Հիշեցնենք, որ այսօր ԶՊՄԿ-ի պոչատարի վթարը քննարկվել է կառավարության նիստում: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, մասնավորապես, հայտնել է, որ կոմբինատը պատկան մարմիններից գաղտնի է պահել վթարի փաստը՝ փորձելով սեփական ուժերով վերացնել այն: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն էլ հայտնել է, որ Ողջի գետից փորձանմուշներ են վերցվել: Ըստ Գրիգորյանի՝ ներկայում վերանայվում են շրջակա միջավայրին հասցված վնասների փոխհատուցման չափերը, որոնք սահմանվում են օրենսդրությամբ: