Թբիլիսիում կամրջի վերակառուցման ընթացքում հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարեր։ Վրաստանում ստեղծվել է հանձնաժողով, որը որոշելու է, թե ի՞նչ պետք է լինի շիրմաքարերի հետ:

Անցած շաբաթ Թբիլիսիում գտնվող Չոր կամրջի վերակառուցման ընթացքում հայտնաբերվել էին գերեզմանաքարեր, որոնց վրա փորագրված են հայերեն և վրացերեն գրություններ: Դրանք համարակալված էին կարմիր ներկով: Հասարակության շրջանում այդ փաստն առաջացրել է վրդովմունք:

Հոկտեմբերի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն էր տարածել, որ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այցելել են շինհրապարակ, որտեղ զննել են համարակալված գերեզմանաքարերը: Դիվանագետները կապ են հաստատել շինարարական ընկերության ներկայացուցիչների հետ և աշխատում են վրացական իշխանությունների հետ` գերեզմանաքարերի ապագան որոշելու համար։

Այս պահին ստեղծվել է հանձնաժողով, որը զբաղվում է վերը նշված հարցով: Հանձնաժողովում ընդգրկված են մշակույթի նախարարության, մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության, Թբիլիսիի քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Քննարկվում են այս հարցի լուծման մի քանի տարբերակ՝ շիրմաքարերի փոխանցումը Վրաստանի հայ համայնքին, Խոջիվանքի պանթեոնում տեղակայելը կամ ​​Վրաստանի որևէ այլ թանգարանին փոխանցումը:

Շիրմաքարերը Թբիլիսիում Սովետական ​​ժամանակաշրջանում օգտագործվել են որպես շինանյութ և հաճախ դրանց մասին հայտնի են դառնում, երբ ընթանում են վերակառուցման աշխատանքներ: