Ֆինլանդիայի «Ձախերի միություն» կուսակցությունն առաջարկել է մեկ այլ երկրում անցկացնել 2020թ. ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը, որը նախատեսված է անցկացնել Թուրքիայում: Կուսակցության հայտարարության մեջ առաջարկը հիմնավորվել է այն փաստարկով, որ Թուրքիան Սիրիայում քրդերի դեմ սկսած ռազմական գործողությամբ խախտել է միջազգային պայմանագրերը:

Առաջարկին միացել է նաև Շվեդիայի «Ձախ» կուսակցությունը: Այդ մասին Twitter-ում արած գրառմամբ տեղեկացրել է կուսակցության արտաքին քաղաքականության հարցերի պատասխանատու, Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Հաքան Սվեննելիգը:

«Հասարակության շրջանում կտրուկ հակազդեցություն կա Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող հարձակումների դեմ: Դա, բնականաբար, ազդում է նաև ֆուտբոլային մրցաշարերի վրա: Սպորտային հանդիպումները չեն կարող անցկացվել միջազգային իրավունքը խախտող բռնապետություններում», - գրել է Սվեննելիգը:

Նշենք, որ Ֆուտբոլի Եվրոպական ասոցիացիան` ՈՒԵՖԱ-ն, (UEFA) կարող է պատժել Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականին։ Պատճառն այն է, որ EURO-2020-ի որակավորման փուլի խմբային փուլում կայացած Թուրքիա-Ալբանիա խաղի վերջին րոպեներին խփած գոլը թուրք ֆուտբոլիստները նշել են զինվորական ողջույնով՝ ի աջակցություն Սիրիայի տարածքում Թուրքիայի կողմից իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողությանը, որն աշխարհի մի շարք երկրներ դատապարտել են։

UEFA-ի կանոնակարգում հստակ ամրագրված է, որ պատժելի արարք է համարվում այն ժեստի, խոսքի կամ առարկայի օգտագործումը, որն իր մեջ կպարունակի սադրիչ ուղերձ, չի համապատասխանի սպորտային իրադարձությանը կամ կկրի քաղաքական, գաղափարական, կրոնական ու վիրավորական բնույթ: