ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Օրենսդիր գործունեությանս զուգահեռ՝ այսուհետ լրջորեն զբաղվելու եմ մտքի այս հզոր խաղի զարգացման ու տարածման հնարավորությունների իրացմամբ՝ փորձելով լուծել նաև շախմատի բնագավառում առկա խնդիրներն ու բացերը: Արդեն երկու տասնամյակից ավելի շախմատն ինձ համար պարզապես կենսաձև է, անընդհատ բացահայտվող մի խորը աշխարհ, որտեղ չոր հաշվարկը ոչինչ է, եթե հիմքում չկա ստեղծագործելու, ազնիվ պայքարի ու մրցակցի հանդեպ հարգանքի ձգտումը:

Ընդունված է ասել, որ իմաստուն խաղը խաղ լինելուց բացի, նաև արվեստ ու գիտություն է: Ես կհավելեի, որ շախմատը նաև մտածելու, քայլ անելու ու խոհեմ ապրելու կերպն է, որտեղ կողք կողքի կանգնած զինվորն ու թագավորը միմյանցից պակաս կարևոր չեն... շախմատի հանդեպ սիրով ու գիտակցումով ստանձնում եմ ինձ համար շատ կարևոր այս պատասխանատվությունը», - ասվում է Հայրապետյանի գրառման մեջ: