Մոտ ապագայում Դուբայում անօդաչու թռչող տաքսի կգործարկվի: Համապատասխան նախագիծը ներկայացվել է Դուբայում անցկացվող Համաշխարհային կառավարական գագաթնաժողովի ժամանակ, որը նվիրված է արդյունավետ պետական կառավարման և կյանքի տարբեր ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հարցերին (World Government Summit):

Նոր տեսակի տաքսի գործարկելու նախաձեռնողը Դուբայի ճանապարհների և տրանսպորտի վարչությունն է, որը համագործակցության է հրավիրել գերմանական Volocopter ընկերությանը:

Նրանց խոսքով՝ փոխադրամիջոցը կգործի GPS-նավիգատորի հիման վրա աշխատող հատուկ երթուղիների ծրագրավորման համակարգով, իսկ տեղաշարժը կվերահսկի ցամաքից օպերատորը։ Օդային տաքսին կաշխատի էլեկտրականությամբ: Նախագծի համաձայն՝ թռիչքի առավելագույն տևողությունը կլինի 30 րոպե, առավելագույն արագությունը՝ 100 կմ/ժ, իսկ առավելագույն բարձրությունը՝ 2 հազար մետր: Օդային տաքսին հնարավոր կլինի պատվիրել սմարթֆոնի միջոցով: Ընդ որում՝ «փոխադրամիջոցը վայրէջք կկատարի ժամանակին ու նշանակման վայրին հնարավորինս մոտ»: