Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլան, ընտանիքով բնակության է տեղափոխվել Հայաստան։ Այդ մասին հայտնել է ինքը` Նիկոլա Ազնավուրը լրագրողներին Գյումրիում կայացած «Ավրորա» միջոցառման ժամանակ, հայտնում է «Նովոստի-Արմենիան»։

Նա նաև անդրադարձել է Գյումրիի հատուկ մթնոլորտին՝ ասելով, որ այդ քաղաքն իր համար միշտ առանձնահատուկ նշանակություն է ունեցել։

«Մենք ուրախությամբ ենք գալիս Գյումրի, և արդեն ոչ առաջին անգամ։ Եվ մարդիկ, չնայած իրենց սուղ հնարավորություններին, այնպիսի սեղաններ են գցում, մեծ պատրաստակամությամբ», - ասել է մեծ շանսոնյեի որդին։

Հայաստանում հաստատվելու մտադրության մասին Նիկոլա Ազնավուրը խոսել է դեռևս 2018թ-ին Le Journal du Dimanche ֆրանսիական շաբաթաթերթին տված հարցազրույցում՝ հավելելով, որ Հայաստանը բացահայտել է հոր հետ ճանապարհորդությունների ժամանակ։