Քեթրին Յուտեն Բլեն՝ Իսպանացի գեղանկարիչ Պաբլո Պիկասոյի խորթ դուստրը, ով ժառանգել է գեղանկարչի աշխատանքները, պլանավորել է խորթ հորը և նրա երկրորդ կնոջը՝ Ժակլին Ռոքիին նվիրված թանգարան բացել, որտեղ կլինեն նաև նրա հետազոտական կենտրոնը և հանրային արհեստանոցներ։

Ըստ Euromag-ի փոխանցած տեղեկության, նոր թանգարանը կբացվի Ֆրանսիայի հարավային Էքս ան Պրովանս քաղաքում՝ նախկին վանքի տարածքում: Այնտեղ կցուցադրվի նկարչի շուրջ 1000 կտավ։ Պետք է նշել, որ այն կլինի ամենամեծը համեմատած Փարիզում, Անտիբում, Բարսելոնայում և Մալագայում գտնվող թանգարաններից:

Էքս ան Պրովանս քաղաքի թանգարանը բացվելու է 2021-ին: 1500 քառ. մետր տարածքի երկու երրորդը կհատկացվի մշտական ցուցադրությանը, իսկ երրորդ մասը՝ ժամանակավոր ցուցահանդեսներին: Քեթրին Յուտեն Բլեի ողջ հավաքածուն ավելի քան 2000 գործ է ներառում Պիկասոյի աշխատանքներից, որոնց թվում կտավներից բացի նաև քանդակներ, խեցեղեն իրեր և լուսանկարներ են ընդգրկված: