Վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր այցելել է Գյումրի՝ ծանոթանալու ավտոմաքսատան շինաշխատանքների ընթացքին: Լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահի տեղակալ, Շուշանիկ Ներսիսյանն ասել է, որ այս տարվա ընթացքում կբացվի Գյումրիում կառուցող ավտոմաքսատունը: Նա նշեց, որ տարբեր գործոնների պատճառով՝ եղանակային, նախագծային, ժամկետների առումով փոփոխություն է եղել:

«Աշխատանքներն աննկարագրելի թափով ընթանում են, մոտ ապագայում բացվելու է ավտոմաքսատունը»,- նշել է Շ. Ներսիսյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ից ավտոմեքենաների որոշ խմբերի մաքսային ձևակերպումները Պետական եկամուտների կոմիտեն իրականացնում է Հյուսիսային մաքսատուն-վարչությունում: Շ. Ներսիսյանի խոսքով, Հյուսիսային մաքսատուն-վարչությունն արդեն համալրեն են Գյումրիից ընտրված նոր աշխատուժով՝ 30 հոգի:

«Քանի որ դեռ գործառույթների մի մասն ենք տեղափոխել Գյումրի, Երևանից փորձառու երկու աշխատող են եկել Գյումրի, այստեղի աշխատողների հետ աշխատելու: Երբ որ այս նոր տարածքը բացվի, այստեղ կաշխատեն 50-55 հոգի, մի քանի հոգի կրկին կընտրվեն Գյումրիից, մնացածները կգան Երևանից այստեղ աշխատելու»,- ասաց Շ. Ներսիսյանը:

Հարցին, թե երկուշաբթի օրվանից Վրաստանից և Ճապոնիայից արտահանված և Հայաստան ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն իրականացվում են Գյումրիում գտնվող Հյուսիսային մաքսատուն-վարչությունում, արդեն քանի՞ մեքենան են մաքսազերծել, նա նշեց, որ մինչև այդ, Գյումրիում մաքազերծվում էր 35-45 մեքենա, երեկ արդեն մաքսազերծվել է 180 մեքենա: Նրա խոսքով, Գումրիում տարբեր ներկրող կազմակերպություններ տարածքներ են վարձում, որպեսզի իրենց գործունեությունն այստեղից ծավալեն, նաև ԵԱՏՄ տարբեր երկրների քաղաքացիներ, որոնք գալիս են այստեղ 40-50 մեքենայի հետևից, դրանք մի քանի օրում են մտնում հանրապետություն, հյուրանոցներ են վարձում հենց Գյումրիում:

Նա նշեց, որ Գյումրիում իրենք ոչ թե ավտոմաքսատուն են կառուցում, այլ այս շենքի կառուցմամբ տրվում է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի մեկնարկը:

«Արտաքին տնտեսական գործունեությունն իրենից ենթադրում է շատ լայն գործառույթների սպեկտոր, 2020թ-ից շատ տարբեր գործառույթներ տեղափոխվելու են Գյումրի: Սկսում ենք մեքենաներով, առաջիկա 2-3 տարվա ընթացքում ամբողջական արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը պատրաստ է լինելու»,- ասել է ՊԵԿ փոխնախագահը:

Հարցին, թե հունվարի մաքսազերծման դրույքաչափերը փոփոխվելու են, չի՞ նվազի մեքենաների ներկրումը Հայաստան, Շ. Ներսիսյանն ասել է, որ միանշանակ անկում է ապրելու: