Երեկ՝ հոկտեմբերի 18-ին հայ ազգի Մեծ բարերար Լևոն Հայրապետյանի հիշատակի օրն էր: Նա ծնվել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղում, մահացել է 2017թ-ին՝ 68 տարեկան հասակում: Արդեն 2-րդ տարին է, որ նրա ծննդավայրում մեծ շուքով նշվում է նրա մահվան տարելիցը:

Ինչպես հայազգի պանծալի մյուս զավակների, այնպես էլ Մեծն բարերար Լևոն Հայրապետյանի հիշատակի օրը յուրահատուկ է նշել Արցախի հերոս Սամվել Բաբայանը: Նա դպրոցի աշակերտների միջոցով ծաղկեպսակադրություն է կազմակերպել Վանք գյուղում՝ իր խոնարհումը բերելով հայ ազգի մեծ զավակի հիշատակին: Այս մասին հայտնում է «Միասնական Հայրենիք» կուսակցությունը։

Նրա մահվան այդ օրը Վանք գյուղի դպրոցի մի խումբ աշակերտներ այցելել են Լևոն Հայրապետյանի հիշատակին կանգնեցված խաչքար և Արցախի Հերոսի կողմից ծաղկեպսակը դրել խաչքարին:

Հիրավի, Լևոն Հայրապետյան մեծանուն բարերարի հիշատակը վառ է ամեն մի գիտակից հայի համար, քանզի նրա կողմից կատարված բազում բարեգործություններ հայրենիքի հանդեպ նրա խոսուն վկաներն են: Իսկ այսօր և միշտ Արցախի Հերոս, մեծ ռազմավար, Բանակի գեներալ Սամվել Բաբայանը դա քաջ գիտակցում է և երբեք չի մոռանում Հայրենիքի նվիրյալներին՝ անուն առ անուն նրանց հիշելով և հարգանքի իր խոնարհումը բերելով:

Հիշեցնենք, որ 2014թ. հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Լևոն Հայրապետյանին ձերբակալել են, ուր նա ժամանել էր Մոնակոյից։ Դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման: 2016թ-ին տեղափոխվել էր Մորդովայի բանտ, որը համարվում է Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը, որտեղ և 2017թ-ի հոկտեմբերի 18-ին մահացել է: