Հոկտեմբերի 19-ին Ասկերանի և Մարտակերտի շրջանների սահմանագլխին գտնվող Խաչեն ջրամբարի ափերին հազարավոր սատկած ձկներ էին հայտնվել: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 20-ին, Խաչենի ջրամբարի ափերին հատուկենտ սատկած ձկներ էին մնացել։

Սակայն, չնայած ձկների զանգվածային անկմանը, Խաչենում ձկնորսներ կային: Նրանք հայտնել են, որ առավոտյան, իրոք, սատկած ձկներով լցված էր ափամերձը:

«Պարկերով ձկներ էին հավաքում», - ասել են ձկնորսները: Այս մասին գրում է «Հետք»-ը։

Արցախի Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ տեղամասը սպասարկող անասնաբուժական կայանի աշխատողները տարածքի մաքրման ու ախտահանման կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել:

«Սույն թվականի հոկտեմբերի 20-ի առավոտյան ԱՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչությունը ստուգողական այց իրականացրեց Խաչենի ջրամբար՝ պարզելու համար ափամերձ գոտում ձկների անկման պատճառները, որի արդյունքում լաբորատոր փորձաքննության իրականացման համար նմուշներ վերցվեցին և՛ ջրից, և՛ ձկներից: Այնուհետև ​​​​​​​​​​Լաբորատոր փորձաքննության արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հանդիպած ձկնորսները մտավախություն չունեին որսն օգտագործելուց: Ըստ նրանց, կամ թունավորում է տեղի ունեցել, կամ էլ պայթեցրել են:

«Պայթեցման դեպքում մեծ ձկները հավաքում են, փոքրերը թողնում», - ասել է նրանցից մեկը:

Սակայն մոտակա Արմենակավան գյուղում հանդիպած ոչ մի բնակիչ պայթյունի ձայն չի լսել: Նրանցից ոմանք տեղյակ էլ չէին կատարվածի մասին, տեղեկացվածներն էլ ոչ մի բացատրություն չունեին, առաջին անգամ էին նման բան տեսնում:

Գյուղացիներից մեկն ասել է, որ հնարավոր է քլորակրի պատճառով լինի, քանի որ որոշ մարդիկ ձուկ որսում են այդ փոշու միջոցով.

«Շատ հնարավոր է` վերին հոսանքներում գետի մեջ քլորակիր են թափել, և հոսանքը ջրամբար արդեն սատկած ձկներ է բերել»:

Արմենակավանի գյուղապետ Արայիկ Բաղդասարյանն ասել է, որ Խաչենի ջրամբարը Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության ջրային ռեսուրսների կառավարման բաժնի ենթակայության տակ է։

Գյուղապետի կարծիքով, հնարավոր է թունավորում է եղել: