Կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկում արատավոր երևույթների դեմ պայքարը որակապես նոր փուլ տեղափոխելու ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ շնորհավորելով Քրեակատարողական ծառայության աշխատակիցներին Քրեակատարողական ծառայության 100-ամյակի և Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ:

Բադասյանն առանձնացրել է ազատությունից զրկված անձանց համար հավասար պայմանների երաշխավորումը, քրեական ենթամշակույթի դեմ պայքարը նաև օրենսդրական հարթությունում տանելու նախաձեռնությունը, ինչպես նաև Ծառայության աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավումը։ նախարարը տեղեկացրել է, որ արդեն պատրաստ է նախագիծը և կա քաղաքական որոշում ՔԿԾ ծառայողների աշխատավարձը մոտ 30 տոկոսով բարձրացնելու վերաբերյալ:

«Մեր այդ նպատակին հասնելու ճանապարհը որոշված է. քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց պետք է ապահովենք կրթություն ստանալու, աշխատելու, հոգևոր և մշակութային զարգացման, ինչպես նաև արտաքին աշխարհի հետ արդյունավետ կապի ամրապնդման հնարավորությամբ: Մեր առջև դրված նպատակին հասնելու համար ձգտելու ենք միջազգային լավագույն փորձին, միջազգային հեղինակավոր կառույցների դիրքորոշումներին և իրավունքի զարգացման արդի միտումներին համահունչ գտնել առաջադեմ լուծումները», - ասել է նա:

Նախարարը բարձր է գնահատել ոլորտային բարեփոխումների իրականացման հարցում Քրեակատարողական ծառայության՝ ի դեմս Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի պատրաստակամությունն ու նախաձեռնողականությունը: Այդ հարցում Ռուստամ Բադասյանը կարևորել է «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ներում պահվող անձանց սննդով ապահովելու գործառույթը մասնավոր ընկերությանը պատվիրակելու փորձնական ծրագիրը, որի առաջնային արդյունքները, նախարարի գնահատմամբ, առավել քան ոգևորիչ են։