Բյուրականի աստղադիտարանի 6 աշխատակիցներ աշխատանքից ազատվել են, իրենց պնդմամբ, աստղադիտարանում տեղի ունեցած չարաշահումների մասին բարձրաձայնելու պատճառով։

Աշխատանքից ազատված Մկրտիչ Գևորգյանն ու Արթուր Հակոբյանը պատմել են աստղադիտարանի նախկին և ներկա տնօրինության կատարած չարաշահումների մասին։ Նշենք, որ այդ չարաշահումների առնչությամբ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին գրում է «Հետք»-ը։

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը Մկրտիչ Գևորգյանին ու Արթուր Հակոբյանին աշխատանքից ազատել է անհարկի բացակայություններ ունենալու պատճառով։ Սակայն աշխատակիցները սա համարում են չարաշահումների մասին բարձրաձայնելու վրեժխնդրություն։

Մկրտիչ Գևորգյանն ասում է՝ աստղադիտարանում կատարված չարաշահումների, ապօրինությունների մասին գիտական խորհրդի նիստերին և ընդհանուր ժողովներին մշտապես բարձրաձայնել են, սակայն, ըստ նրա, տնօրենը հակադարձել է, որ ամեն ինչ ըստ կարգի է կատարվում:

«Ասում էր՝ ես տնօրենն եմ, ինչ ցանկանամ, կանեմ։ Իր պատասխանը մշտական այս տեսակ է եղել»,- ասում է Գևորգյանը։

Նա վստահեցնում է, որ աստղադիտարանի ներկայիս տնօրինությունը նաև չի ցանկանում բացահայտել նախկին տնօրենի ժամանակ կատարված ապօրինությունները, քանի որ նախկին տնօրեն Հայկ Հարությունյանն այժմ աստղադիտարանի փոխտնօրենն է, Արեգ Միքայելյանի մտերիմը, ում հենց Հարությունյանն է բերել տնօրենի պաշտոնի համար։

Մկրտիչ Գևորգյանը պատմել է, որ աստղադիտարանում կան աշխատակիցներ, ովքեր մի քանի հաստիք են զբաղեցնում, օրինակ՝ աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի որդին, որը աստղադիտարանում աշխատանքի է ընդունվել երկու տարի առաջ։

Մկրտիչ Գևորգյանը վստահեցնում է, որ իրենց բարձրաձայնած չարաշահումների մասին Գիտությունների ազգային ակադեմիայի տնօրինությունը տեղյակ է, սակայն խրախուսում է աստղադիտարանի տնօրինության գործունեությունը։

Աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը սեպտեմբերի 10-ին Մկրտիչ Գևորգյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծել է՝ անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալու հիմքով։

Մկրտիչը պարզաբանել է, որ աշխատանքից չի բացակայել։

«Բայց ես իմ բաժնի վարիչի և գիտական ղեկավարի հետ միևնույն աշխատասենյակում եմ եղել։ Տնօրենն այս սուտը վերցրել, կեղծ փաստաթուղթ է սարքել և դրա վրա հիմնվելով ինձ հետ կնքված աշխատանքային պայմանագիրը խզել է»,- ասում է Գևորգյանը։

Մկրտիչ Գրիգորյանը հարուցված քրեական գործի շրջանակներում այդ կեղծիքի մասին Քննչական կոմիտում նաև ցուցմունք է տվել։

Ըստ datalex տեղեկատվական համակարգի՝ վերջին մեկուկես ամիսների ընթացում Բյուրականի աստղադիտարանի աշխատանքից ազատված 8 աշխատակիցները դիմել են դատարան՝ պահանջելով իրենց վերականգնել նախկին աշխատանքին և աշխատանքային պայմանագրի լուծման հրամանն առոչինչ ճանաչել։ Նրանցից մեկն աստղադիտարանի ավագ գիտաշխատող, «Գերնորեր» գիտահետազոտական բաժնի վարիչ Արթուր Հակոբյանն է, որն աստղադիտարանում աշխատել է 13 տարի։

Վերջինս ակտիվորեն բարձրաձայնել է աստղադիտարանում կատարվող չարաշահումների մասին, արդյունքում՝ սեպտեմբերի 6-ին աշխատանքից ազատվել։

Հակոբյանն աշխատանքից ազատման հրամանը դատական կարգով վիճարկում է՝ այն համարելով անօրինական և չարաշահումների բարձրաձայնման հետևանք։ Աստղադիտարանի տնօրենը Արթուր Հակոբյանի հետ աշխատանքային պայմանագիրը խզել է՝ կրկին հիմք դնելով անհարկի բացակաների առկայությունը։

«Ես ամեն օր հաճախել եմ աշխատանքի։ Բյուրականի աստղադիտարանի ամենաշատ աշխատանքի հաճախող մարդկանցից մեկն եմ եղել։ Տնօրենից շատ եմ աշխատանքի հաճախել»,- ասում է Հակոբյանը:

Նա պատմում է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ունեցել են վկայի կարգավիճակ, ցուցմունքներ տվել։

«Բնականաբար դա տնօրինության կողմից մեր նկատմամբ հետևողական ձևով հետապնդման և հաշվեհարդարի ձևով գործողություններ են սկսվել»,- ասում է Հակոբյանը։

Արթուր Հակոբյանը պատմում է, որ որպես չարաշահումների բարձրաձայնման պատասխան՝ օգոստոսին աստղադիտարանի տնօրինությունը որոշեց «Գերնորեր» գիտահետազոտական բաժնից վերցնել աշխատասենյակը, որը մոտ վեց տարի զբաղեցրել են, և 2018թ-ին այդ աշխատասենյակը պաշտոնական հրամանով հատկացվել էր իրենց։

Արդեն օգոստոսի 5-ի կնքված, սպիտակ թղթով փակված է եղել Արթուր Հակոբյանի ղեկավարած բաժնին հատկացված աշխատասենյանը։ Իսկ հաջորդ օրը բանվորները փոխել են դռան փականը՝ արգելելով այդ բաժնի աշխատակիցներին ներս մտնել, վերցնել իրենց անձնական իրերը։

Արթուրի պատմելով՝ դրանից հետո աստղադիտարանի տնօրինությունն իր բաժնի աշխատակիցներից պահանջել է բացատրել, թե ինչու այդ օրերին աշխատանքի չեն հաճախել, սակայն իրենք այդ օրերին աստղադիտարանում են եղել։

Արթուր Հակոբյանը իրեն տված նկատողության և աշխատասենյակը լքելու պահանջի և աշխատանքից ազատման հրամանն առոչինչ ճանաչելու պահանջով դատական հայց է ներկայացրել։

Նշենք, որ 2018թ-ի օգոստոսին աստղադիտարանի չորս աշխատակիցներ աստղադիտարանում կատարված չարաշահումների մասին գրությամբ տեղեկացրել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին։ Այդ չարաշահումները պարզելու համար նախարարը գրությունը ուղարկել էր դատախազություն, որի հիման վրա էլ քրեական գործ է հարուցվել։ Մայիսին աստղադիտարանում կատարված չարաշահումների վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճվել էր, և որոշում էր կայացվել քրեական հետապնդում չիրականացնել Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի նկատմամբ:

Սակայն աստղադիտարանի աշխատակիցներն այս որոշումը բողոքարկել էին Արագածոտնի դատախազին և գլխավոր դատախազություն։ Արագածոտնի դատախազությունը մերժել էր բողոքը, իսկ դատախազը որոշել էր վերացնել քրեական գործի կարճման որոշումը և այն կրկին ուղարկել Քննչական կոմիտե՝ նոր քննության։