Մասիս քաղաքում խմելու մաքուր ջուր չկա: Քաղաքի բնակիչները խմելու ջուր գնում են քաղաքում պտտվող ջրի մեքենաներից:

Մասիսի մի քանի բնակիչ պատմել են, թե ինչպես են շրջող ջրի մեքենաներից շաբաթական մի քանի անգամ ջուր գնում։

«Ծորակի հոսող ջրի հետ երբեմն ավազ ու ժանգ է թափվում, երկաթի համ գալիս, ծորակի ջուրը խմել հնարավոր չէ»,- ասում է Մադլենա Թորոսյանը։

Մեկ այլ բնակիչ` Նարեկ Հարոյանն էլ նշում է, որ ջուրը բերում են Սովետաշենից.

«Գնում ենք լիտրը 10 դրամով, ամեն օր, ամռանը մարդիկ ջուր շատ են օգտագործում, այդ պատճառով էլ այն վաճառում էին 5 դրամով», - այս մասին գրում է «Հետք»-ը։

Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը ասել է, որ «Վեոլիա ջուր»-ը առավոտյան ժամերին Մասիս քաղաքին մատակարարում է Գառնիի ջուր, բայց սա ժամանակավոր է, քանի որ ջրի ծավալները չեն բավականացնում, և Գառնիի ջրին խառնում են Արարատյան պոմպակայանից մղվող ջուրը, որն էլ քլորահամ ունի:

Ջուր վաճառող հանդիպած երեք մեքենայի վարորդները հրաժարվել են հարցազրույցից: Ջրի մեքենաներից մեկի սեփականատերը համաձայնեց զրուցել, սակայն թույլ չտվեց խոսել վարորդների հետ։

Մասիսցիները նաև պատմել են մի քանի շավաթ առաջ քաղաքում տարածված գարշահոտության մասին:

Մանուշակն ասում է, որ օդն աղտոտված է կոյուղատար խողովակներից մեկի պայթելու պատճառով:

«Էս վիճակը մեզ խանգարում ա, մենք չենք կարողանում մեր քաղաքում ապրել, առավոտյան և երեկոյան ժամերին շնչել չի լինում, պատուհանները փակում ենք»,- ասում է Մարինե Գրիգորյանը:

«Կասկածներ կան, որ գարշահոտության պատճառը Նաիրիտ գործարանին պատկանող կոյուղատարն է»,- նշում է փոխքաղաքապետը և հավելում, որ գարշահոտությունը վերացնելու համար համայնքապետարանի բյուջեից գումար հատկացնել չեն կարող, քանի որ վնասված կոյուղու տարածքը Մասիսի վարչական շրջանում չէ, բայց, այնուամենայնիվ, գարշահոտության վերացման նպատակով ահազանգել են շահագրգիռ գերատեսչությունների: