Հոկտեմբերի 18-ին Johnson & Johnson ընկերությունն իր կամքով հետ է կանչել Johnson’s Baby մանկական տալկը, որի փորձանմուշներում հայտնաբերվել է ասբեստ: Այդ ապրանքի խմբաքանակի համարն է 22318RB (կարելի է գտնել ապրանքի պիտակի հետնամասում): Ամերիկյան Սննդամթերքի և դեղամիջոցների վարչությունը (FDA, Food an Drug Administration, USA) հորդորել է չօգտագործել այդ խմբաքանակի ապրանքներից:

Դրան զուգահեռ, FDA-ն հայտնել է, որ, օրինակ, Johnson’s Baby-ի № 00918RA խմբաքանակում ասբեստ չի հայտնաբերվել:

Ասբեստը մանկական տալկում հայնաբերվել է FDA-ի՝ կոսմետիկ միջոցների շուկայի պարբերաբար իրականացրած ուսումնասիրությունների ժամանակ, որի ընթացքում փորձաքննվել են տալկ պարունակող տարբեր կոսմետիկ միջոցներ, որոնցում ասբեստի առկայության հավանականություն կա:

ԱՄՆ Դաշնային օրենսդրության համաձայն՝ սննդային, դեղորայքային և կոսմետիկ արտադրանքները և դրանց բաղադրատարրերը (բացառությամբ գունավոր հավելումների) չպետք է վերահսկվեն FDA-ի կողմից՝ նախքան վաճառքի դուրս գալը: Օրինակ, կոսմետիկային ներկայացվող պահանջներից մեկն այն է, որ ապրանքը պետք է պատշաճ մակնշվի. օրենքը չի պարտադրում, որ կոսմետիկա արտադրող ընկերությունները FDA-ին ապրանքի անվտանգության վերաբերյալ ինֆորմացիա տրամադրեն:

Սակայն FDA-ն ուսումնասիրություններ իրականացնում է՝ գնահատելով հնարավոր ռիսկերը և գործողություններ իրականացնում՝ հիմք ընդունելով իր ձեռքի տակ եղած փաստական տվյալները:

FDA-ի ուսումնասիրությունները սկսվել են դեռևս 2018թ. և ներառում են ավելի քան 50 կոսմետիկ միջոց: Հիշեցնենք, որ դատարանը դեռևս մեկ տարի առաջ Johnson & Johnson ընկերությանը պարտավորեցրել է վճարել 4,7 մլրդ ԱՄՆ դոլարի տուգանք 22 կանանց, ովքեր մանկական տալկի մեջ եղած քաղցկեղածին ասբեստ նյութի պատճառով առողջական խնդիրներ են ունեցել:

Թե՛ բուժաշխատողները, թե՛ սովորական սպառողները կարող են դիմել FDA՝ հայտնելով իրենց օգտագործած կոսմետիկ միջոցների կողմնակի ազդեցությունների մասին: Դրա համար կա նաև առցանց հարթակ՝ MedWatch Online Voluntary Reporting Form-ը:

Տալկը լայն կիրառում ունի կոսմետիկ միջոցների պատրաստման մեջ՝ սկսած մանկական փոշիներից միչև դիմափոշի. այն ունի խոնավությունը կլանելու հատկություն: Բացի այդ, տալկն օգտագործվում է նաև սննդի մեջ, ինչպես օրինակ, մաստակներում:

Տալկում ասբեստի պարունակության մասին խոսվել է դեռևս 1970-ական թթ-ից: Այդ ժամանակ տպագրված մասնագիտական գրականություններում մատնանշվում էր հնարավոր կապը տալկ պարունակող փոշիներ օգտագործելու և ձվարանի քաղցկեղի միջև: Ինչևէ, մինչ օրս այդ փաստը հստակ չի ապացուցվել:

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ուռուցքաբան-քիմիաթերապևտ Դավիթ Զոհրաբյանը հաստատել էր, որ ասբեստի տեսակներից կապույտն իսկապես վտանգավոր է և կարող է քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ: Այս մասին գրում է Հետք-ը։

Ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ կովկասյան տարածաշրջանի այլ երկրների լաբորատորիաներում չկա սարք, որով հնարավոր կլինի պարզել տալկում ասբեստի առկայությունը:

Կոսմետիկ ապրանքները վերահսկվում են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից, որը, սակայն, որևէ փորձաքննություն չի իրականացնում, այլ ուսումնասիրում է ապրանքի համապատասխանության գրանցման հավաստագիրը, որով և երաշխավորվում է դրա անվտանգությունը: