ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը մամուլի ասուլիսին հայտնեց, որ առաջին անգամ Հայաստանում Իտալիայի ժամանակակից արվեստի հիմնադրամի նախաձեռնությամբ ու Մշակույթի նախարարության և Իտալիայի մշակութային ժառանգության, մշակութային գործունեության և տուրիզմի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 25-ին կբացվի «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես. Հայաստան 2018» խորագրով ցուցադրությունը, որին կմասնակցեն արվեստագետներ աշխարհի տարբեր երկրներից: «Ժամանակակից արվեստի երևանյան հրավառություն կլինի»,-ասաց նախարարը:

ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոանի Ռիչուլին նախ շնորհակալություն հայտնեց վստահության և աջակցության համար:

«Շատ ուրախ և գոհ եմ, որ այն միտքը, որը կար, իրականություն է դառնում և կոնկրետ գործողությունների վերածվում: Սա շատ կարևոր է երկու այդքան մշակութային երկրի համար ինչպիսին Իտալիան և Հայաստանն են»,-ասաց նա։

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանն իր խոսքում ևս կարևորեց այս նախաձեռնությունը: «Սա խոսում է այն մասին, որ Հայաստանը հնարավորություն կունենա ներկայացնել իր ժամանակակից արվեստը և փոխանակվել կարծիքներով: Այս միջոցառումը կարևոր է հենց ներկայացուցչական առումով, քանի որ մեծ քանակությամբ արվեստագետների այց ենք ակնկալում, ովքեր կտեսնեն Հայաստանի ձեռքբերումները»,-ասաց նա և նկատեց, որ հենց ցուցահանդեսի ժամանակահատվածում լինելու է ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը և այդ հյուրերին ևս կհրավիրեն:

«Շաուլա Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի համահիմնադիր Ալբերտո Կալիոստրոնը անդրադարձավ այս միջոցառման ներդրումներ ներգրավելու առանձնահատկությանը և հույս հայտնեց, որ այն կբերի արտասահմանյան ներդրողներ: Անդրադառնալով ցուցահանդեսի լոգոյին՝ նա ասաց, որ կարծես երկու մարդ իրար գրկած լինեն․ «Հայաստանը այնքան հյուրընկալ երկիր է, որ կարծես իր գիրկն է առել»,-ասաց նա:

«Ցուցահանդես-փառատոնը իր տարբեր բաժիններով բաշխված կլինի Հայաստանի մայրաքաղաքի խոշորագույն մշակութային օջախներում, մասնավորապես՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնում, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում»,-ասաց նա: