Ազգային ժողովն ընդունել է երթևեկության կանոնների խախտումները նկարահանելու և հավելվածի միջոցով ոստիկանությանը փոխանցելու օրինագիծը։ Կողմ է քվեարկել 83, դեմ՝ 24 պատգամավոր, 3-ը ձեռնպահ է մնացել:

Այսուհետ քաղաքացիները կարող են տեսանկարահանել ճանապարհային երթևեկության խախտումները և առցանց փոխանցել ոստիկանությանը: Խախտումը նկարահանած անձի ինքնությունը չի բացահայտվում։

Օրինագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջովին:

Լինելու են նաև սահմանափակումներ՝ նույն անձը չի կարողանա անսահմանափակ տեսագրություններ ուղարկել խախտում կատարած միևնույն անձի վերաբերյալ: Առավելագույն չափը սահմանելու է կառավարությունը: