Երևանի Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան փողոցում մի քանի բնակիչներ բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք պնդում են՝ իրենց սեփականաշնորհած տարածքում ապօրինի շինարարություն է ընթանում։ Մի քանի օր առաջ կասեցված աշխատանքներն այսօր վերականգնվել են։

«Մեզ ասում են, ձեր սեփականությունը ձերն է, հարց չկա, բայց դուք շինարարություն անողի հետ գործ չունեք, նրա աշխատանքները մի խոչընդոտեք։ Ոստիկանությունը կանգնած է, բայց մեզ ասում են՝ դուք գնացեք, գտեք, թե ո՞վ է ձեր հողերը վաճառել։ Մենք ո՞նց գտնենք», - ասում է քաղաքացին։

Ակցիայի մասնակից բնակիչները նշում են, որ իրենց տարածքում մրգատու ծառեր են եղել, դրանք հատվել են, փոխարենը հիմա շենքն է բարձրանում։

«Տասը տարի է՝ ամեն կառույցի դիմել ենք, դուրս ենք գալիս, բողոքում, ուժով մեզ տներն են մտցնում։ Մեր փաստաթղթերը օրինական են», - ասում է մյուս քաղաքացին։

Բնակիչների հետ հանդիպման եկած Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հեռախոսով կապվեց քաղաքապետարանի համապատասխան բաժնի հետ։ Ասաց՝ իրեն փոխանցել են, որ կա շինթույլտվություն, իրականացվում է շինարարություն։

Նա խորհուրդ տվեց բնակիչներին դիմել դատարան, ներկայացնել հիմքերն ու փոխհատուցում պահանջել։

«Դժվար թե շենքը քանդեն, դուք կարող եք փոխհատուցում պահանջել», - ասաց Անի Խաչատրյանը։

Ի պատասխան բնակիչները պնդեցին՝ դատարան կդիմեն, եթե շինարարությունը կանգնեցվի։

Նրանք հիշեցրեցին, որ մի քանի որ առաջ Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքի ոստիկաններն ուժ են կիրառել իրենց նկատմամբ։

«Չեմ զարմանում, նորություն չի, հեղափոխությունն Արաբկիր չի հասել», - ասաց ավագանու անդամը։