Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում և Վրաստանում Միացյալ Թագավորության առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդի, ինչպես նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի հետ: Այս մասին հայտնում է tert.am-ը։

Ողջունելով հյուրերին և ներկայացնելով Երևանի զարգացման առաջնահերթությունները՝ քաղաքապետն ընդգծել է այն հիմնական ուղղությունները, որի շրջանակում Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է խորացնել երկկողմ համագործակցությունը: Տարոն Մարգարյանը, մասնավորապես, առանձնացրել է քաղաքային տրանսպորտի բարելավման, ճանապարհաշինարարական, թափոնների կառավարման, այդ թվում՝ նոր աղբավայրի և վերամշակման գործարանների կառուցման, ինչպես նաև այլ ծրագրերի շրջանակում հնարավոր փոխգործակցության հնարավորությունները:

«Մենք բաց և պատրաստակամ ենք հնարավոր արդյունավետ համագործակցություն ծավալելու և, հաշվի առնելով ձևավորված բարենպաստ ներդրումային միջավայրը, կարևորում ու ողջունում ենք օտարերկրյա ներդրումների իրականացումը Երևան քաղաքում: Համոզվա՛ծ եղեք, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում մշտապես պատրաստ է քննարկել և աջակցել բրիտանական ընկերություններին՝ շահավետ ներդրումային ծրագրերի իրականացման հարցում»,- նշել է Տարոն Մարգարյանը՝ համագործակցության զարգացման գործում կարևորելով ինչպես ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի, այնպես էլ Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի դերը:

Հայաստանում և Վրաստանում Միացյալ Թագավորության առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Երևանը տպավորիչ քաղաք է և ունի ներդրումային մեծ ներուժ, Երևանի քաղաքապետին առաջարկելով «Խելացի քաղաք» հայեցակարգի շրջանակում ներառել նաև «Անաղմուկ քաղաք»-ի գաղափարը, որին միտված գործնական քայլեր արդեն իսկ տարվում են աշխարհի առաջատար քաղաքներում:

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթն էլ իր հերթին արձանագրել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի զբոսաշրջային գրավչության բարձրացման ուղղությամբ վերջին տարիներին իսկապես շոշափելի քայլեր են կատարվում, ինչն, անշուշտ, ներդրումներ ներգրավելու և շահավետ փոխգործակցություն ծավալելու հրաշալի հնարավորություն է ընձեռում:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով զբոսաշրջության զարգացման մասով ծրագրային ցուցանիշներին, նկատել է, որ 2017 թ․-ին՝ 2016-ի համեմատ, կրկնապատկվել է Երևան այցելած զբոսաշրջիկների քանակը և, հաշվի առնելով, որ այս տարին Երևանի համար հոբելյանական է, ակնկալվում է զբոսաշրջիկների անհամեմատ մեծ հոսք, ինչը հաշվի առնելով նպատակային աշխատանքներ են տարվում ենթակառուցվածքների ավելացման ուղղությամբ: Առիթն օգտագործելով՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրերին հրավիրել է մասնակցելու մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գործարար միջավայրի բարելավման, համատեղ ծրագրերի իրականացման ու համագործակցության ակտիվացմանն ուղղված մի շարք այլ հարցեր: