Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, քիչ առաջ որոշել է Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնել 1 ամսով: Այս մասին ասել է Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը: Այս մասին գրում է «Հետքը»։

Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել Խաչատրյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ, այսինքն՝ դատարանը մասնակի է բավարարել վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը:

Դատարանը որոշում կայացնելու համար խորհրդակցական սենյակ էր հեռացել երեկ՝ հոկտեմբերի 22-ին: Կարեն Խաչատրյանը նախկինում աշխատել է ՊԵԿ-ում, մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Ազգային անվտանգության ծառայությունը նրան և հորեղբորը՝ Գագիկ Խաչատրյանին ձերբակալել է օգոստոսի 27-ին:

Այս պահին դատարանում շարունակվում է Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննությունը:

Քրեական գործը, որով Խաչատրյանները մեղադրյալի կարգավիճակ ունեն, առնչվում է Գագիկ Խաչատրյանի՝ ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում ենթադրյալ չարաշահումներին: