Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը բացասական եզրակացություն է տվել Նաիրի Հունանյանի` պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու դիմումին:

Այս մասին ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի հարցադրմանը:

Նախարարը հիշեցրեց, որ յուրաքանչյուր դատապարտյալ իր դատապարտվելուց քսան տարի անց կարող է դիմել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար, և եթե վերջինս դրական եզրակացություն է ստանում պրոբացիայի ծառայության և քրեակատարողական ծառայության կողմից, ապա դիմումը քննվում է դատական կարգով:

«Քրեակատարողական ծառայության կողմից տրվել է բացասական եզրակացություն, նկատի ունենալով որ պրոբացիոն ծառայությունը ղեկավարվելու է նույն չափանիշներով նման գանահատական տալիս, կարծում եմ՝ ելքը պարզ է»,- ասաց Բադասյանը:

Հիշեցնենք, որ Նաիրի Հունանյանը դատապարտվել է 1999թ-ին հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողության հիմնական կազմակերպիչը լինելու համար, որի ժամանակ սպանվել են ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանջյանը, վիրավորվել մի շարք գործիչներ: