Հոկտեմբերի 22-25-ին Երևանում անցնում է «Արևորդի 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնը» (SunChild 9th International Environmental Festival):

«Արևորդի» 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնի մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվել են փառատոնի շրջանակում նախատեսվող տարբեր միջոցառումներն ու սպասվող հետաքրքիր իրադարձությունները: Ասուլիսի բանախոսներն էին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Վորլդ Վիժն Հայաստանի» տնօրեն Ժիրայր Էդիլյանը, «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, «Արևորդի» 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանը, ֆիլմերի համակարգող Վարվառա Հովհաննիսյանը:

Ասուլիսն անդրադարձել է «Արևորդի» 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնի օրակարգին ու ցուցադրվող ֆիլմերին։ Փառատոնի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը խոսել է փառատոնի ստեղծման գաղափարի և դրա կարևորության մասին, իսկ փառատոնի կայացման մշտական աջակից ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է ընկերության կողմից բնապահպանական փատատոնին աջակցելու պատճառների, մասնավոր ձեռնարկությունների կողմից բնապահպանության ոլորտի կայացմանն աջակցելու կարևորությունը։

«Վորլդ Վիժն Հայաստանի» տնօրեն Ժիրայր Էդիլյանը կարևորել է հանգամանքը, որ փառատոնը տեղափոխվի մարզ։

«Մարզերում և գյուղական համայնքներում ապրող մարդիկ ևս Փառատոնի մասը դարձան։ Նախորդ տարի ֆիլմերի ցուցադրություններ իրականացվեց Վայոց ձորի մարզում, դրանով մենք ականատես եղանք, թե ինչպես ակտիվացավ գյուղական կյանքը, ինչպես փառատոնի տարբեր միջոցառումներում ներգրավվեցին գյուղում ապրող մարդիկ։ Մենք արձանագրեցինք 3000-ից ավել զբոսաշրջիկի այցելություն։ 15 համայնքների դպրոցական երեխաներ ձևավորեցին էկո-ակումբներ, որտեղ սովորեցին նաև ֆիլմեր նկարել», - ասել է նա։

Ինչպես նշել է «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը՝ փառատոնը հիմնադրվել է 2005-ին և հաջորդ տարի հոբելյանական է։

Փառատոնի նպատակն է բարձրացնել բնապահպանական խնդիրների և վայրի բնության պահպանության իրազեկվածության մակարդակը Հայաստանում, մասնավորապես՝ երիտասարդության շրջանում։ 2019 թվականը հռչակվել է կովկասյան հովազի (Panthera pardus ciscaucasica) տարի, ուստի՝ միանալով տեսակի պահպանությանն ու իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված պետական նախաձեռնությանը՝ Փառատոնի առանցքում ևս կլինի կովկասյան հզոր հովազը։