Պաշտոնեական դիրքի չարաշահմամբ տարբեր չափերի հափշտակության դեպքեր են հայտնաբերվել Արծվաբերդ համայնքում:

Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից ու մանրամասնում, որ ստացված օպերատիվ տվյալների իրացմամբ և Տավուշի մարզի դատախազի պաշտոնակատարի հանձնարարությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արծվաբերդ համայնքի նախկին ղեկավար Կ. Շ.-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2016թ. դեկտեմբերին և 2017թ. մարտին ընդունած 4 որոշումների մեջ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել նույն համայնքի 4 բնակիչների կողմից դրամական օգնություններ ստանալու դիմում ներկայացվելու մասին, դրա հիման վրա համայնքապետարանի բյուջեից նրանց անվամբ գումարներ ելքագրել, որոնք վատնման եղանակով հափշտակվել են:

Տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ նախկին համայնքապետի կողմից 2017թ. հունիսի 5-ի կարգադրության համաձայն համայնքի բյուջեից 999.000 դրամ է հատկացվել փոքր երկաթյա աղբարկղեր ձեռք բերելու և համայնքում տեղաբաշխելու համար, սակայն պարզվել է, որ համայնքի տարածքում տեղադրվել է ընդհանուր 273.600 դրամ արժեքով ընդամենը 38 հատ մետաղյա փոքր աղբարկղ, իսկ մնացած խոշոր չափերի գումարը՝ 725.000 դրամը, յուրացվել է:

Պարզվել է նաև, որ 2017թ. ընթացքում համայնքի տարածքում, համայնքին պատկանող կոմբայնով 70հ ցորենի դաշտերը հնձելու համար նա բնակիչներից կանխիկ վերցված 1.9 մլն դրամ գումարից որպես աշխատավարձ, դիզվառելիքի և այլ ծախսերի համար վճարել է ընդհանուր 1.2մլն դրամ, իսկ մնացած խոշոր չափերով գումարը համայնքապետարանի բյուջե չի մուտքագրել և յուրացրել է:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Տավուշի քննչական վարչությանը, քրեական գործերը միացվել և քննվում են մեկ վարույթում: