Հանրապետության հրապարակում Ամանորի գլխավոր զարդի` տոնածառի լույսերը պաշտոնապես կվառվեն դեկտեմբերի 19-ին:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն ասաց, որ գլխավոր տոնածառի ձևի և չափի հետ կապված՝ փոփոխություններ այս տարի չեն սպասվում:

«Տոնածառի ձևի հետ կապված փոփոխությունը կնշանակի նոր տոնածառ, որը չափազանց թանկ է, և չեմ կարծում, որ արդարացված կլինի այդ ծախսը կատարել համայնքային բյուջեից: Մենք փորձ ենք արել այդ հարցը լուծել մասնավորի հետ»,-ասաց նա:

Արամ Սուքիասյանի խոսքով` գլխավոր տոնածառն ամեն տարի զարդարվում է նորովի. հետաքրքիր խաղալիքներով, լուսային տարբեր լուծումներով:

«Մայրաքաղաքի տոնական ձևավորման աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի 18-ին: Հաջորդ օրը կմիացվեն գլխավոր , ինչպես նաև Երևանի տարբեր վարչական շրջաններում տեղադրված տոնածառների տոնական լույսերը»,-հավելեց փոխքաղաքապետը:

Անդրադառնալով տոնական օրերին, այսպես կոչված, «հարբած ձմեռ պապիկներին», Արամ Սուքիասյանն ասաց, որ քաղաքապետարանն ամեն տարի ստուգատես է անցկացնում, որի շրջանակում ուշադրություն է դարձվում նաև ձմեռ պապիկներին: «Անշուշտ, մենք ուշադիր ենք լինելու, որպեսզի մեր ձմեռ պապիկները, ինչպես Հանրապետության հրապարակում, այնպես էլ Ազատության հրապարակում լինեն իրենց կերպարին համապատասխան»,-հավելեց նա:

Մայրաքաղաքի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքներն այս տարի մեկնարկել էին դեկտեմբերի 1-ին: