Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնն ավարտել է մարզի ձվի շուկայում անցկացվող վերահսկողության աշխատանքները: Մշտադիտարկում է իրականացվել ձու արտադրող 12 կազմակերպություններում և իրացման ցանցում գործունեություն ծավալող 181 տնտեսվարողների մոտ:

Տեսչական մարմնից հայտնում են, որ ձվի արտադրությամբ զբաղվող 9 տնտեսություններում (Ա/Ձ Պատվական Թորոսյան, Ա/Ձ Գուրգեն Դերձյան, Ա/Ձ Արամայիս Գրիգորյան, Ա/Ձ Սեդրակ Գասպարյան, Ա/Ձ Սուրեն Գրեյան, Ա/Ձ Լևոն Չումարյան, Ա/Ձ Աղասի Համբարձումյան, Ա/Ձ Դավիթ Մանուկյան, Ա/Ձ Հովհաննես Գրեյան) հայտնաբերվել են թերացումներ, խախտումներ և անհամապատասխանություններ (թռչնանոցի սանիտարահիգենիկ ոչ պատշաճ պայմաններ, իրացվող ձվի անվտանգությունը, հիվանդությունների կանխարգելման և պայքարի միջոցառումների՝ կանխարգելիչ պատվաստումների, ախտորոշիչ հետազոտությունների և դրանց կատարումը հավաստող փաստաթղթերի բացակայություն, օգտագործվող անասնաբուժական դեղամիջոցների, կերերի և կերային հավելումների անասնաբուժասանիտարական անվտանգությունը հավաստող փաստաթղթերի բացակայություն, ձվի պահպանման պայմանների և փաթեթավորման պայմանների անհամապատասխանություն սահմանված նորմերին, ախտահանման, կրծողների ու վնասատուների դեմ պայքարի միջոցառումների կատարման մասին փաստաթղթերի բացակայություն, ձվի պահպանման պայմանների անհամապատասխանություն):

Իրացման ցանցի 181 կետերում անցկացված ձվի և կաթ-կաթնամթերքի մշտադիտարկման ընթացքում ևս հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ: Մասնավորապես՝ վաճառքից հանվել և ոչնչացվել է 537 ժամկետանց և անհայտ ծագման ձու, 31 տուփ ժամկետանց կաթնամթերք: Իրացումից հանվել է նաև 153 թերի մակնշված ձու: 76 տնտեսվարողի տրվել են խախտումները վերացնելու հանձնարարականներ (բացակայել են ձվի և կաթ-կաթնամթերքի անվտանգությունը հավաստող փաստաթղթերը):