ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրում բացահայտված հարկային չարաշահումների համար Վ.Ղազարյանին ու նրա կնոջը մեղադրանք չի առաջադրվել, թեև դեռևս մեկ տարի առաջ հայտարարվեց ավելի քան մեկ մլրդ դրամի հարկային չարաշահումների բացահայտման մասին։

ՀՔԾ-ն հայտնել է, որ հարկային չարաշահումների համար ոչ Վաչագան Ղազարյանին (Սերժի Վաչո), ոչ էլ նրա կնոջը մեղադրանք չի առաջադրվել։ Ավելին՝ նախաքննական մարմինը պարզապես շրջանցել է հարկային չարաշահումների թեման։

«Նշված քրեական գործի նախաքննության ընթացքում Վաչագան Ղազարյանին ու նրա կնոջը` Ռուզաննա Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների կատարման համար»,- Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:

Նկատենք, որ նշված հոդվածները վերաբերում են հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու, ապօրինի հարստանալու հանցակազմերին։

Մինչդեռ այս հատկանիշներով քրեական գործի հարուցման մասին հայտարարվել էր դեռևս հարկային չարաշահումների բացահայտումից ամիսներ առաջ՝ 2018թ-ի հունիսի 22-ին, երբ Վաչագան Ղազարյանի տանը կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել էր առանձնապես խոշոր չափերի գումար՝ 1 մլն 110 հազար 400 դոլար, 35 մլն ՀՀ դրամ, 230 հազար 500 եվրո, իսկ ավտոտնակից՝ 2.000 ԱՄՆ դոլար, «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի 2 հատ ժամացույց։

Այս դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Վաչագան Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրելու մասին հայտարարվեց 2018թ-ի հունիսի 27-ին, իսկ կնոջը մեղադրանք է առաջադրվել նույն տարվա օգոստոսի 3-ին։

ՀՔԾ-ի 2019թ-ի հոկտեմբերի 23-ի գրավոր պատասխանից հետևում է, որ Վ.Ղազարյանին և նրա կնոջը առաջադրված մեղադրանքների ծավալում փոփոխություն տեղի չի ունեցել։ Հետաքրքիրն այն է, որ թեև հարկային չարաշահումների մասով ՀՔԾ-ն որևէ տեղեկատվություն չի տրամադրել, սակայն, պարզվում է, վերականգնում եղել է։

ՀՔԾ-ն, նշելով, որ միակ մեղադրյալները Վ.Ղազարյանն ու նրա կինն են, ավելացրել է.

«Նախաքննության ընթացքում վերականգնվել է 2 մլրդ 850 մլն ՀՀ դրամ»։ Նշված գումարը հարկային չարաշահումների հետևանքով պատճառված վնասի վերականգնում է, թե ապօրինի հարստացման դրվագով՝ ՀՔԾ-ն չի հստակեցրել։

Նախաքննությունը շարունակվում է։