Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշղօղլուն Բաքվում լրագրողների հետ զրույցում խոսել է արցախյան հակամարտության և այդ հարցում Ռուսաստանի ունեցած դերի մասին։ Այս մասին գրում է Էրմենիհաբեր-ը։

Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը կրկին առաջ է քաշել անհիմն պնդումներ, որ «հայկական կողմը օկուպացման տակ է պահում Ադրբեջանի հողերը» և հավելել.

«Մենք միշտ Ադրբեջանի կողքին ենք, եղբայրական Ադրբեջանի վիշտը մեր վիշտն է, իսկ նրանց երջանկությունը՝ մեր երջանկությունը: Անելու ենք մեր ձեռքից եկածը, որ օկուպացված հողերը ազատագրվեն։ Մենք Ռուսաստանի հետ էլ ենք խոսում Ղարաբաղի հարցի վերաբերյալ։ Մեր նախագահը Ռուսաստանի նախագահի հետ ամեն հանդիպման ժամանակ ասում է, որ Մինսկի համանախագահությունում արդյունք չկա և խնդիրը կարող է լուծել Ռուսաստանը»։

Չավուշօղլուն նաև պնդել է, որ, «եթե Հայաստանը չի ցանկանում մեկուսացված մնալ, ապա պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի» այս հարցում։

Վերջում թուրք պաշտոնյան նշել է, որ Թուրքիան կշարունակի մեծացնել ջանքերը արցախյան հակամարտության լուծման խնդրում։