Հայաստանի բոլոր մարզերում նոր սպանդանոցներ կկառուցվեն: Քանի որ 2020թ-ի հունվարի 15-ից սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սպանդանոցային ծագման մսեղիքով սպառողներին ապահովելու համար ներդնելու է առավելագույն ջանքեր:

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել սպանդանոցներ արդեն կառուցող և կառուցման հայտ ու նախագիծ ներկայացրած 25 տնտեսավարողներ հանրապետության բոլոր մարզերից: Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ողջունել է նրանց պատրաստակամությունն ու նախաձեռնողականությունը՝ վստահեցնելով, որ ՍԱՏՄՆ-ն պատրաստ է տրամադրել համապատասխան խորհրդատվական աջակցություն սպանդանոցների կառուցման աշխատանքներն ավարտելու և շահագործման հանձնելու համար:

Տնտեսվարողները խոսել են սարքավորումների ձեռքբերման, տարածքների կառուցապատման, սանիտարահիգիենիկ նորմերի, ինչպես նաև ֆինանսական ներդրումների հետ կապված խնդիրների մասին: Նրանք նշել են, որ իրենց համար կարևոր է աշխատակիցների վերապատրաստման հարցը:

Տեսչական մարմնի պատասխանատուները պարտավորվել են ոչ միայն տրամադրել սպանդանոցներին ներկայացվող պահանջները, այլև, ՍԱՏՄ մասնագետների մասնակցությամբ, անցկացնել դասընթացներ մսի սպանդանոցային ծագումը վկայող էլեկտրոնային անասնաբուժական ձևաթուղթ տրամադրելու կարգի մասին, ներգրավել միջազգային փորձագետներ՝ սպանդանոցների աշխատակիցների վերապատրաստման համար:

Մասնագետները ներկայացրել են նաև սպանդանոցների կառուցման մի քանի տարբերակներ և նվազագույն ծախսերով միջազգային պահանջներին համապատասխանող սպանդանոց հիմնելու հնարավորությունները:

Կենդանական ծագման սննդամթերքն ունի բարձր ռիսկ և, շղթայի բոլոր փուլերում վերահսկողությունն ուժեղացնելով, այդ թվում և՝ սպանդանոցների նկատմամբ, Տեսչական մարմինը նպատակ ունի սպառողներին ապահովել առավել որակյալ ու անվտանգ մթերքով՝ զերծ պահելով հնարավոր հիվանդություններից, ասվում է հաղորդագրության մեջ: