Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 64-ամյա կնոջ սպանության մի շարք հանգամանքներ: Քննչական կոմիտեի հաղորդմամբ, մեղադրանք է առաջադրվել վերջինիս հարևանին՝ 40-ամյա Գարիկ Մաշադյանին։

Վերջինը ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի եղբայրն է։

Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել է, որ հոկտեմբերի 22-ին քաղաքացուց ահազանգ էր ստացվել այն մասին, որ Վարդաշեն փողոցի բնակարաններից մեկում սպանություն է եղել:

Դեպքի առթիվ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1979թ.:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ-ի հոկտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդաշեն փողոցում գտնվող՝ 64-ամյա կնոջ բնակարանում անձնական փոխհարաբերությունների շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, 40-ամյա տղամարդը իր մոտ գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: